Գերմանիան կոչ է անում Սուրբծննդյան տոներին լույսերով չզարդարել տներն ու փողոցները

Գերմանիան կոչ է անում բնակչությանը Սուրբծննդյան տոներին չզարդարել տներն ու փողոցները, գրում է Interia.pl-ը։ Մասնագետների կարծիքով՝ լուսավորությունը կպահանջի նույնքան էներգիա, որքան մեկ քաղաքը մի ամբողջ տարի լուսավորելու համար, և դա ներկայիս պայմաններում անթույլատրելի շքեղություն կլինի։

Գերմանական Deutsche Umwelthilfe բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել Գերմանիայի իշխանություններին և բնակիչներին էներգետիկ ճգնաժամի պատճառով հրաժարվել Սուրբծննդյան շրջանում փողոցների տոնական լուսավորությունից։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական ասոցիացիան։

Գերմանիայում Սուրբ Ծննդին տները զարդարելու համար անհրաժեշտ է այնքան էներգիա, որքան մեկ քաղաքը ծախսում է տարում: Հարցումների համաձայն՝ էլեկտրաէներգիայի ծախսերի կտրուկ աճի պատճառով շատ տնային տնտեսություններ նախատեսում են հրաժարվել տոնական լուսավորությունից:

«Սուրբ Ծննդին մասնավոր տները զարդարելու համար տարեկան ավելի քան 600 միլիոն կիլովատ ժամ է պահանջվում։ Դա այնքան է, որքան տարվա ընթացքում սպառում է 400 հազար բնակչություն ունեցող քաղաքը», – զգուշացնում է գերմանական Deutsche Umwelthilfe բնապահպանական կազմակերպությունը։

Կազմակերպությունն առաջարկում է այս տարի էներգետիկ, ինչպես նաև կլիմայական ճգնաժամի պատճառով հրաժարվել սուրբծննդյան լուսավորությունից: «Սա պետք է դառնա սովորական բան, ինչպես քաղաքներում և նահանգներում, այնպես էլ տներում և բնակարաններում», – RND-ի խմբագրական ցանցին ասել է կազմակերպության տնօրեն Յուրգեն Ռեշը (Juergen Resch):

«Մենք պետք է համբերատար լինենք Ուկրաինայի հակամարտության, էներգիայի պակասի և կլիմայի պաշտպանության համար»,-ավելացրեց նա՝ մատնանշելով տոնական լուսավորության համար պահանջվող էներգիայի հսկայական սպառումը:

Հավելենք, որ մայրաքաղաքի տոնական լուսավորությունն ու ամանորյա միջոցառումներն այս տարի շարքային երևանցիների գրպանին արժեցել են ավելի քան 320 մլն դրամ։ Վերոհիշյալ 320 մլն-ից 202 406 000 դրամը Երևանի քաղաքապետարանը վճարել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին Հանրապետության հրապարակի միայն տոնական ձևավորման ու լուսավորության համար։ Ընկերությունը նույն աշխատանքի դիմաց անցած տարի 191 006 000 դրամ էր ստացել։

Իսկ Հանրապետության հրապարակի և մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների տոնածառերի ու լուսավորման համար քաղաքապետարանը ևս 22 մլն դրամ վճարել է «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին։