ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը գաղտնի հանդիպում է անցկացրել Թուրքիայում
Թուրքական մամուլում շրջանառվում են պնդումներ, որոնց համաձայն՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավար անձնակազմը դեկտեմբերի 11-17-ը եղել է Թուրքիայում: Գրում է «Էրմենիհաբերը», նշելով, որ նրանք Թուրքիայում գաղտնի հանդիպում են անկացրել և այն անցկացնելու համար Թուրքիան նախընտրել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Իսրայելական պետական KAN հեռուստաալիքի դեկտեմբերի 17-ի թողարկման ընթացքում հայտարարվել է, որ հանդիպումն անցկացվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից հետո՝ երկու երկրների միջև բռնկված ռազմական գործողություններում ՀԱՄԱՍ-ի հետագա քայլերի կոորդինացման նպատակով:
Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Սալիք էլ-Արուրիի և Կատարի մայրաքաղաք Դոհայում ապրող, խմբավորման նախկին առաջնորդ Հալիդ Մեշալի գլխավորությամբ:
Այնուամենայնիվ, թեկուզ որպես պնդում չի նշվում, թե այլ բարձրաստիճան քանի անձ է մասնակցել հանդիպմանը, և թե ովքեր են եղել նրանք:

