Հայաստանը երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չի ստեղծել. Մոհամադ Ասադի Մոհավեդ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին և Հայաստանի պետությանն այն բանի համար, որ երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չեն ստեղծել։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մոհավեդը։
«Մենք պետք է շատ աշխատենք մշակութային կապերի մերձեցման ուղղությամբ։ Չնայած Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն, այնուամենայնիվ, փոխադարձ տեղեկացվածության մակարդակը երկու կողմում ցածր մակարդակի վրա է։ Մտավորականության և մշակույթի գործիչների ներկայացուցիչների ակտիվ այցելությունները Հայաստանից կօգնեն ավելի շատ իմանալ Իրանի մասին։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստան իրանցի գործիչների այցերի մասին»,- ավելացրել է նա։
Մոհամադ Ասադի Մոհավեդը կոչ է արել ակտիվացնել փոխայցելությունները և կարևոր է համարել ուսանողների և մասնագետների փոխանակման և փոխադարձ այցելությունների ծրագրերի ընդլայնումը։
«Ես Հայաստանում եմ ընդամենը 40 օր, բայց արդեն տպավորությունս այնպիսին է, որ գտնվում եմ Իրանում։ Հայաստանը և Իրանը մշակությաին շատ նմանություններ ունեն։ Ես համոզված եմ, որ հայերը ևս Իրանում իրենց զգում են՝ ինչպես իրենց երկրում»,- նշել է նա։

