Երեկվա ծեծկռտուքից հետո Երևանի ավագանին շարունակում է նիստը․ Ավինյանն զգուշացրեց ընդդիմադիր երեք կանանց
«Բռնությունն իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի ու անընդունելի է և՛ ավագանու նիստերի դահլիճում, և՛ավագանու նիստերի դահլիճից դուրս՝ լինի այն ֆիզիկական բռնություն, թե խոսքով»,-ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախորդ օրվա միջադեպին:
Նա հայտնեց, թե համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ նման դրսևորումներ ավագանու նիստերի դահլիճում տեղի չունենա:
«Երեկվա իրադարձությունների նման միջադեպերը կանխելու համար անձամբ ես չեմ նայելու՝ մեր խմբակցության ավագանու անդամն է, թե ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասար վերաբերմունք է լինելու: Հետևապես, իմ լիազորությունների շրջանակներում ուզում եմ երեք զգուշացում տալ տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Նարինե Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին»,- հայտարարեց Ավինյանը և խնդրեց գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ, քանի որ եթե խոսքը պարունակում է բռնություն, ապա կվերածվի ֆիզիկական բռնության:
Ավինյանը հատուկ նախազգուշացրեց նաև բոլոր վարչական շրջանների ղեկավարներին և հատկապես նրանց, որոնք մասնակցել են երեկ տեղի ունեցած հրմշտոցին․ «Նրանց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու։ Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին՝ չառանձնացնելով ոչ մեկին»։

