Բաքվում ձերբակալվել է պաշտոնյաների շրջանում կոռուպցիան հետաքննող հրատարակության գլխավոր խմբագիրը
Նոյեմբերի լույս 21-ի գիշերը Ադրբեջան վերադառնալուն պես Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է Abzas Media առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկըզին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Վագըֆկըզին անմիջապես օդանավից տեղափոխել են Բաքվի գլխավոր ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ նրա տունը խուզարկվել է։
Մեկ օր առաջ մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել էր Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Վագիֆկըզին հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր լրագրողական հետաքննություններով։
Նա նախկինում իր մասնագիտական գործունեության համար քրեական հետապնդման է ենթարկվել։

