Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, բայց ՀՀ–ն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան». Փաշինյանի պատասխանը Ադրբեջանի դեսպանին

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որտեղ նա խոսել էր Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հարց է ուղղել նրան,  որն ավելի շուտ հուզառատ ելույթ էր հիշեցնում։

Նա հայտարարել է, որ 2020 թվականին ու դրանից հետո Ադրբեջանի գործողությունների միակ նպատակը եղել է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելը, հիշեցրել, որ միջազգային հանրությունը եւս ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ Բաքուն ինքն է նախաձեռնել խաղաղության գործընթաց, իսկ Ֆրանսիայից մեղադրել է այդ գործընթացը խոչընդոտելու մեջ՝ հիշեցնելով հոկտեմբերի 5-ին Գրանդայում կայացած գագաթնաժողովին նախորդած գործընթացների մասին, մասնավորապես, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը Երեւանում խոսել էր Հայաստանին սպառազինությամբ օգնելու մասին։

Փաշինյանն ասել է, որ մի կողմից Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ նարատիվը կառավարությունը պաշտոնապես քաջալերում է։

«Բայց կա մի պարզ հարց. արդյո՞ք Ադրբեջանը վերահաստատում է այն երեք սկզբունքները, որոնք համաձայնեցվել են Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։ Եթե՝ այո, ապա մենք կարող ենք առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի մասին հարցին, յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալու բանակ եւ զինվելու՝ իրեն պաշտպանելու նպատակով։ Ադրբեջանը նույնպես հսկայական ծավալի սպառազինություն է գնում, իսկ  զենքի գնման նրանց բյուջեն եռակի գերազանցում է Հայաստանի ռազմական ծախսերը։ Իմ հիմնական ուղերձն է՝ եթե Ադրբեջանը վերահաստատի համաձայնեցված երեք սկզբունքները, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկա ամիսներին ավելի քան իրատեսական է»,– ասել է նա։

Տեսանյութն՝ այստեղ