Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հեռացել է պաշտոնից. Ավինյանը նրան ոսկե մեդալով է պարգևատրել

Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել եմ ստանձնածս պարտականությունները, ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձել եմ իմ ներդրումն ունենալ մեր Երևանի բնականոն կյանքի ապահովման և կայուն զարգացման գործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, որն այլեւս չի զբաղեցնելու այդ պաշտոնը:

«Սիրելի՛ երևանցիներ,

Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել եմ ստանձնածս պարտականությունները, ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձել եմ իմ ներդրումն ունենալ մեր Երևանի բնականոն կյանքի ապահովման և կայուն զարգացման գործում։ Վերջին տարիների ընթացքում մենք շատ դժվար մարտահրավերներ ենք հաղթահարել` լուծելով բազում մեծ ու փոքր անլուծելի թվացող խնդիրներ՝ հանուն մեր քաղաքի ու քաղաքացիների։

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։

Հարգանքով՝

Գևորգ Սիմոնյան»,- գրել է նա: