2018-ին Հայաստանում իշխանության բերվեցին մարդիկ, որոնք թուրքական ծրագրերի ու երազանքների իրականացնողներ են, ծրագրեր, որտեղ չկա Հայաստանը

Արցախն իր 4000-ամյա պատմության ընթացքում ապրել է շատ բարդ ժամանակներ` պարսկական, արաբական, թուրքական արշավանքները հաջորդել են մեկը մյուսին, ամեն մեկն ուզեցել է տիրանալ հայկական Արցախին: Բայց երբեք արցախահայը չի լքել իր հայրենիքը, երբեք Արցախը չի հայաթափվել: Պատմական այս օրինաչափությունը խախտվեց մեր օրերում՝ Արցախն այսօր ամբողջովին հայաթափված է։ Ու մեծագույն ողբերգությունն այն է, որ թշնամին դրան հասավ ներքին թշնամուն օգնությամբ…

Արցախի դեմ իրականացված թուրքական ծրագիրը հեռահար նպատակներ ունի, վերջնանպատակը` հայոց պետականության ոչնչացումն է:

Արցախի հայաթափումից հետո Հայաստանի համար մի նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություններ են ի հայտ եկել․առավել խոցելի է դարձել մեր երկրի անվտանգությունը, պաշտպանունակությունը։

Արցախի հայաթափումը իրականացրած ՀՀ ներկայիս իշխանությունը, որոնց անդամները` «Արցախը տանք պրծնենք» հակահայկական թեզի կրողներ են, շարունակում են պնդել, թե նոր իրավիճակում տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ։ Ինչպես ցինիկաբար հայտարարեց տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների կամակատար եղած ներկայիս քպ-ական Գուրգեն Արսենյանը՝ «Արցախի հայաթափումից հետո մեր տարածաշրջանը դարձավ կոնֆլիկտազուրկ ու մեր «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կոնֆլիկտից զուրկ տարածաշրջանի ապագայի համար է»։ Նման հայտարարություններ հնչեցնում են ադրբեջանցի պատգամավորները, ցավոք, ՀՀ ԱԺ-ն՝ իր քպ-ական մեծամասնությամբ, վաղուց է գործում միլիմեջլիսյան տրամաբանությամբ: Դրա մասին են փաստում հաճախ լսվող ադրբեջանանպաստ հայտարարությունները։

2023-ի հուվարին Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, շեշտեց` «Հայաստանը կարող է միանալ «Միջին միջանցքին», եթե կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները»: Նրա այս հայտարարությունից 9 ամիս անց Արցախը հայաթափվեց: Այսինքն` ՀՀ իշխանության կողմից ամեն ինչ արվեց թուրքական պահանջը կատարելու համար: Այսօր էլ Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Ֆիդանն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում Հայաստանի կողմից Ադրբեջանի պահանջների կատարմամբ։ Միաժամանակ լսեցինք Ադրրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարարությունը. «Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»: Այսպիսով` Բաքուն վերջնագիր է ներկայացնում Հայաստանին` պահանջելով հանձնել «օկուպացված» 8 գյուղերը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերը հետևանք են փաշինյանական խունտայի կողմից վարվող հակահայկական քաղաքականության, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվել է Ադրբեջանի ու Թուրքիայի աքցանի մեջ։

Իսկ այս իրավիճակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ, նույն ինքը՝ Արաբատ Միրզոյանը, ոգևորված խոսում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին, ու լավատեսություն հայտնում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցում։ «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ ՀՀ-Թուրքիա սահմանը բացելու մասին պայմանավորվածության շուրջ մոտ ապագայում մենք շահագրգիռ քննարկում կունենանք»:

Փաշինյանն էլ խոսում է «խաղաղության խաչմերուկ»-ի մասին. հիշենք, մի ժամանակ էլ շրջանառության մեջ էր դրել «հայկական խաչմերուկ» ասվածը: Իրականում սա բառախաղ է, թե՛ մեկը, թե՛ մյուսը թուրքական երազանքի իրականացումն է։ Փաշինյանը համաձայնել է իրականություն դարձնել պանթուրքական միջանցքի բացումը` միավորելով թյուրքական աշխարհը: Փաշինյանն ու իր խմբակը որոշել են պատմության մեջ մնալ որպես թուրքական երազանքի իրականացնողներ:

Պարզ հարց է առաջանում` իսկ ո՞րն է այս ամենի գինը: Նման հարցադրում է հնչեցրել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով Փաշինյան Նիկոլի ու նրա խմբակի կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության խաչմերուկ»-ին. «Հարց է ծագում, թե ինչի՞ հաշվին է լինելու այդ խաղաղությունը, ինչի՞ հաշվին է բացվելու հայ-թուրքական սահմանը։ Ի հաշիվ նրա, որ մենք Արցախը դատարկել ու սկուտեղի վրա նվիրել ենք Ադրբեջանի՞ն, ի հաշիվ նրա, որ միգուցե կտանք միջա՞նցք Ադրբեջանին ու Թուրքիային։ Միգուցե ի հաշիվ նրա, որ կվերադարձնենք անկլավնե՞րը, կհյուրընկալենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների՞, ի հաշիվ նրա, որ Սահմանադրությունից որոշ դրույթնե՞ր կփոխենք, որ Ցեղասպանությունը կմոռանա՞նք։ Մենք խաչմերուկ ենք, որովհետև չորս հարևան ունենք, իսկ խաղաղության խաչմերուկ ենք ուզում լինել, որովհետև մուրում ենք խաղաղություն»։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մշտապես պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով: Նախ, Հայաստանին պարտադրում էր Արցախի հարցում ընդունել Ադրբեջանի պահանջները, իսկ հիմա՝ Արցախի հայաթափումից հետո, պարտադրում է հօգուտ Ադրբեջանի զիջել Հայաստանի տարածքները։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը մեծացել է, որովհետև թուրքական կողմն իր դիմաց ուժ չի տեսնում, այլ տեսնում է ձեռքերը վեր տնկած հակահայերի, որոնք պատրաստակամ են հագուրդ տալ իր բոլոր ցանկություններին:

ԵՐԲ ՄԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ…

Արաբատ Միրզոյանն ասում է. «Մեր խաղաղության օրակարգը ՀՀ 4 հարևանների հետ խաղաղ, կայուն սերտ համագործակցության բարեկամական հարաբերությունների ձևավորումն է: Մեր համոզմամբ, սա է այն միջավայրը, որում ՀՀ-ն կարող է և շանս ունի շարունակական իր գոյությունը ու զարգացումը ապահովել»: Բարեկամություն, խաղաղություն բոլորն են ուզում, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով հասնել դրան: Այն ուղին, որը սրանք են որդեգրել` կործանարար է: «Ամեն ինչ տանք, ամեն ինչ զիջենք»-ը հակապետական է, մեր հայրենիքի տարածքների հաշվին խաղաղություն հաստատելը դավաճանություն է հայ ժողովրդի հանդեպ:

ՀՀ նախկին իշխանությունները ևս հնարավորն անում էին պատերազմը Հայաստանից ու Արցախից հեռացնելու համար, սակայն երբեք չեն արվել քայլեր` Արցախի ու Հայաստանի հաշվին:

Վերհիշենք, թե ինչպես էր իր հարաբերությունները Թուրքիայի հետ փորձում կառուցել Հայաստանի Հանրապետությունը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին:

Թուրքիան մշտապես հանդես է եկել նախապայմաններով։ «Ֆուտբոլային դիվանագիտության» տարիներին Անկարայի նպատակն էր որպես միջնորդ տեղ զբաղեցնել արցախյան բանակցային սեղանին` Մինսկի խմբի համանախագահ երկրների շարքում: Սակայն Հայաստանը հանդես էր գալիս կտրուկ դիրքորոշմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի շահերը պաշտպանող երկիրը` Թուրքիան երբե՛ք չի կարող միջնորդի դեր ստանձնել: Հայկական դիրքորոշումը դարձավ լիովին ընկալելի համանախագահող պետությունների կողմից:

Թուրքիայի երկրորդ նախապայմանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելն էր: Սակայն այստեղ ևս Անկարային սպասում էր լրջագույն ձախողում: Հայաստանն ի լուր աշխարհի հայտարարեց` երբեք կասկածի տակ չի դնի 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից արևմտահայության դեմ իրականացված Ցեղասպանության փաստը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կա ու մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայոց հիմնաքարային` Արցախի ու Հայոց Ցեղասպանության հարցերում նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ամբողջությամբ խարսխված էր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթների վրա, նա մինչև վերջ մնաց այս հարցերում վճռական` չարձանագրելով որևէ նահանջ, որևէ հակահայ զիջում:

Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով խոսելը փաստում էր մեկ բանի մասին, որ այդ երկիրը ոչ թե նպատակ ուներ հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ, այլ ողջ գործընթացը ծառայեցնել սեփական շահերին, իսկ միջազգային հանրության մոտ ստեղծել հարաբերությունների կարգավորման իմիտացիա:

Հակադրվելով թուրքական նախապայմաններին, Հայաստանը հստակ ներկայացնում էր իր դիրքորոշումը`առաջ քաշելով սեփական կարմիր գծերը.

-հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների,

– հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող կապված լինել ղարաբաղյան հիմնախնդրի հետ,

-հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու կանգնեցնել միջազգային ճանաչման գործընթացը։

«Ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում նախագահ Սարգսյանը երբեք չընկրկեց թուրքական նախապայմանների առաջ, մինչև վերջ առաջ մղեց Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության շահը` խարսխված պետականամետ քաղաքականության վրա:

Գրագետ, ճկուն դիվանագիտության արդյունքում հայկական կողմին հաջողվեց անգամ խառնել թուրքական խաղաքարտերն ու կանխել նրա երկդիմի քայլերը` մեկը մյուսի հետևից զրոյացնելով թուրքական նախապայմանները, դրանք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից դարձնելով անընդունելի: Հայկական կողմի ազնիվ ու ճկուն քաղաքականության արդյունքում բացահայտվեց Թուրքիայի իրական դեմքը, վերջինիս կեղծավոր քաղաքականությունը:

Հասկանալով, որ անկարող է ճեղքել հայկական քաղաքականության հզոր պատնեշը, թուրք-ադրբեջանական տանդեմը ծրագրեց այդ ճեղքումն ապահովել՝ Հայաստանում իրականացնել իշխանափոխություն ու Հայաստանի Հանրապետության ղեկը հանձնել թուրք կամակատարներին։

2018-ին Հայաստանում տեղի ունեցածը սորոսական ու ադրբեջանաթուրքական գումարներով իրականացված «հեղափոխություն» էր։ Ու ՀՀ իշխանության ղեկին ներդրվեցին թուրքական երազանքների ու ծրագրերի իրականացնողները, ծրագրեր, որտեղ չկա Հայաստանը․․․

Արմինե Սիմոնյան