Պետպատվերի ամբողջ ծավալը հասանելի է բռնի տեղաhանվածներին, սակայն որոշ ծառայություններ վճարովի են. նախարար

Հայաստանում գործում է պետպատվերի որոշակի ծավալ, և այդ ծավալն ամբողջությամբ հասանելի է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղաhանվածներին, սակայն որոշակի ծառայություններ վճարովի են։ Այս մասին՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ հայտարարվում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բուժումն անվճար է, բայց մարդկանցից անալիզներ հանձնելու համար գումար են ուզում։

Նախարարը խնդրեց, որ իրեն ներկայացնեն դեպքի մանրամասները ճշտումներ կատարելու համար։ «Շատ դեպքերում ինֆորմացիայի պակասը բերում է շփոթության»,– ավելացրեց Ավանեսյանը։

Նա պարզաբանեց, որ եթե, օրինակ, վիրահատությունից առաջ պետք է անալիզներ վերցնել, դա պետպատվերի շրջանակում է, բայց եթե անձն ուղղակի ուզում է ստուգում անցնել, վճարովի է։

Նախարարն ընդգծեց` նրանք, որոնք Հայաստան են տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդիրների չեն բախվի, եթե հաշվառվել են և նույնականացվել։

«Սա նշանակում է, որ ամբուլատոր օղակում ամբողջ ծավալով և հիվանդանոցային բժշկական ծառայություններում նրանց անվճար տրամադրվում է բուժօգնություն՝ ըստ պետպատվերի գործող մեր ծրագրերի։

Անձը պետք է կցագրվի պոլիկլինիկայում, ստանա անհրաժեշտ ամբուլատոր ծառայությունները, բայց, եթե ունի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության կարիք, ուղեգրի պարագայում դա կստանա նաև այնտեղից»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը նշեց, որ պետք է ճիշտ ձևակերպեն պետպատվերի երաշխիքները, որպեսզի արցախցիների շրջանում սխալ ակնկալիքներ չլինեն։

Նրա խոսքով՝ գործող պետպատվերի ողջ ծավալը հասանելի է արցախցիներին։