Արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Երևանում դիմումները պետք է ներկայացնել Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումները կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

դիմում-հարցաթերթ,

ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),

ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,

35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).

ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,

այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

պետական տուրքի վճարման անդորրագիր:

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։

Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն, նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։