Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությո՞ւն, շոո՞ւ, թե ֆրանսիական զենքի գովազդ
Վերջերս Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրեցին պայմանագիր, նաև հուշագիր` երեք GM 200 ռադարների վաճառքի մասին և ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունն ու նրա սատելիտները հայ-ֆրանսիական ռազմական այս համագործակցությունը մեկնաբանեցին այսպես. ռուսական կողմի գլուխը խառն է Ուկրաինայով, չի կարողանում զենք մատակարարել իր դաշնակիցին, դե, Հայաստանն էլ նոր դաշնակիցներ ու գործընկերներ է փնտրում զենքի շուկայում:
Հետո սկսեցին գովել, թե գնված ֆրանսիական զինատեսակները շատ օգտակար են ՀՀ համար: Ոմանք ավելի առաջ անցան` ասելով, թե ֆրանսիական ՀՕՊ համակարգով հնարավոր կլինի ավելի արդյունավետորեն պաշտպանել ՀՀ երկինքը: Դա շատ լավ է, իհարկե, բայց նաև տարբեր հարցեր են առաջանում:
Կա Հայաստան-Ռուսաստան հակաօդային պաշտպանության մասին պայմանագիր, եթե Հայաստանը այսօր նախընտրում է ֆրանսիական ՀՕՊ համակարգ՝ ինչի՞ մասին է հուշում այս գործարքը: Արդյո՞ք նպատակը հայկական բանակը հզորացնելն է, թե…
Փաշինյանի կառավարության այս քայլերի պատասխանները հարկավոր է փնտրել վարվող ներկայիս քաղաքականության տրամաբանության մեջ: Օտարին սպասարկող այս մարդկանց քայլերում պետականամետ դիրքորոշում մի փնտրեք։ Սրանք հիմա իրականացնում են 2018-ի «հեղափոխությամբ» իրենց տերերից ստանձնած պարտավորությունները․ առաջին փուլով Արցախը Ադրբեջանին հանձնեցին, երկրոդ փուլով իրականացնում են Ռուսաստանի հեռացում Հայաստանից ու դրանով իսկ Հարավային Կովկասից: Ասել է թե ամեն ինչ պտտվում է վեկտորափոխության տրամաբանության մեջ:
Ի դեպ, քպ-ականները խոսում են այն մասին, թե հայ-ֆրանսիական ռազմական գործարքը բացառիկ է, թե տարածաշրջանում դա միայն իրենց է հաջողվել։ Սակայն պարզվում է՝ ՀՀ հետ կնքած գործարքին զուգահեռ ֆրանսիական Total ընկերությունը պատրաստվում է ակտիվ համագործակցել նաև ադրբեջանական կողմի հետ: Ու, մասնավորաբար, խոշոր ներդրումներ է պատրաստվում կատարել Հայաստանի քթի տակ` Նախիջևանում։ Փաստորեն, սա էլ ֆրանսիական համագործակցության «բացառիկությունը»։
Տարօրինակ է նաև ռազմական մատակարարումների շուրջ բարձրացած գովազդային մեծ աղմուկը: Երբ պետությունները զենք են գնում, առավոտից երեկո չեն գովազդում այդ մասին, այդ թեման հնարավորինս փակ են պահում, մինչդեռ թե՛ հայկական կողմը, թե՛ ֆրանսիականը սպառազինությունների մատակարարման թեման դարձրեցին մատի փաթաթան: Չափից շատ է խոսվում մի թեմայի մասին, ինչից չպետք է առհասարակ խոսվեր, ինչի շուրջ չպետք է լինեն այսքան բաց քննարկումներ ու հնչեն այսքան հայտարարություններ: Եվ ոչ միայն քպ-ական պոպուլիստ իշխանությունն է դրան լծվել, այլև ֆրանսիական կողմը: Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյունը X-ի իր միկրոբլոգում ներկայացրեց ստորագրված հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության առանցքային կետերը։ Հայաստանի ՊՆ-ն էլ իր հերթին է զբաղված այս համագործակցությունը գովազդելով: Հիմա սա ռազմական համագործակցությո՞ւն է, թե շոու, գուցե ֆրանսիական զենքի PR: Դատեք ինքներդ:
Ինչպես նկատել էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Ֆրանսիան կարծես ոչ թե զենք է վաճառում Հայաստանին, այլ գովազդ է իրականացնում: Տպավորություն է, որ Ֆրանսիան ժամկետներ է դնում Ադրբեջանի առջև, որ վերջինս արագ հարձակվի Սյունիքի վրա, քանի Փարիզը զենք չի վաճառել Հայաստանին»:
Նկատենք, որ ռազմական համագործակցության, գնված ու գնվելիք զենքերի մասին նման բաց հայտարարություններն իրենց մեջ նաև լուրջ ռիսկեր են պարունակում, այն էլ Հայաստանի համար այսչափ լարված իրավիճակում, երբ ռազմական փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակը պատերազմից 5 պակաս է: Ստացվում է՝ նման հայտարարություններով մենք հարևան-թշնամուն` Ադրբեջանին ուղղակիորեն դրդում ենք գնալ ռազմական գործողությունների:
Ի դեպ, չուշացավ Ադրբեջանի ագրեսիվ արձագանքն այս պայմանագրին. Ադրբեջանի նախագահ Ալիևը շանտաժի լեզվով խոսեց ՀՀ-ի ռազմական մատակարարումների առնչությամբ: Ալիևը հայտարարեց, թե Ֆրանսիայի որոշումը՝ Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու մասին՝ «նրան պատասխանատու կդարձնի Հայաստանի հետ ցանկացած նոր հակամարտության համար»: Ակնհայտ է, որ թշնամական երկրի նման ագրեսիվ արձագանքը հետևանք է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության շուրջ բարձրացված PR աղմուկի:
Զենքի վաճառքի թեման չափազանց նուրբ թեմա է, նման պայմանավորվածությունները հրապարակավ տեղի չեն ունենում, դրանք գաղտնի են պահվում: Ավելին, եթե ինչ-որ բան էլ հանրայնացվում է, ապա դա արվում է միմիայն զենքի մատակարարումից հետո։
Հայաստանի նախկին իշխանությունները, մինչ չարաբաստիկ 2018-ը, մեծաքանակ սպառազինություն, զինտեխնիկա էր ձեռքբերում Հայկական բանակի համար, ամեն ինչ արվում էր մեր բանակը հզորացնելու ուղղությամբ, բայց այդ ամենն արվում էր առանց աղմուկի ու անհարկի գովազդի: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ավելի քան 1500 ինքաթիռ է գնվել, ընդ որում, զենքը՝ ինքնարժեքով։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը Ռուսաստանից հետո դարձավ այն միակ երկիրը, որ ուներ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Ռուսական կողմի հետ բոլոր գործարքները նախնական փուլում արվեցին փակ, գաղտնի և մատակարարման ավարտից հետո միայն հանրայնացվել` անակնկալի բերելով թշնամուն:
Ինչպես նկատել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, նախկին իշխանության տարիներին Հայաստանը սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման ժամանակ, միաժամանակ պայմանավորվում էր՝ գաղտնի պահել ողջ գործընթացքը։ «Դա տարբեր խնդիրներ է լուծել` հակառակորդի համար անկանխատեսելիությունից մինչև մատակարարումների անխափան իրականացում»: Աբրահամյանը նկատել է. «Մի քանի առիթով, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր համար կարևորը եղել է շահեկան գներով, շատ դեպքերում` անվճար, ռազմական գնումների իրականացումը, քան դրա վրա քարոզչություն կառուցելը և մեծ առումով: Ու դա աշխատել է»:
Մինչդեռ այսօր ճիշտ հակառակի ականատեսն ենք։ Եթե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին վարվել է իրական հայաստանակենտրոն քաղաքականություն, ապա այսօր ՀՀ իշխանության ղեկը օտարի կամակատարների ձեռքում է, որոնց բոլոր քայլերն ուղղված են Հայաստան պետության դեմ: Ու այս գործարքը, դրա շուրջ բարձրացված գովազդային մեծ աղմուկը ևս հերթականներից մեկն է։
Կարինե Գևորգյան

