Վրաստանը մեկնաբանել է «3+3» հարթակին չմասնակցելու իր որոշումը

Վրաստանը, ինչ-որ իմաստով, ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դերը փորձարկել։ Եվ հենց դրանով է պայմանավորված Թբիլիսիի ջանքերը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա Թբիլիսին այստեղ հստակ դիրքորոշում ունի՝ դա անընդունելի է Վրաստանի համար, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման ուղղությամբ։

Նրա խոսքով, «3+3» հարթակին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կնքվի խաղաղության մեծ համաձայնագիրը։

Սամխարաձեն նաև նշել է, որ Վրաստանը կարևոր է համարում, որ Կովկասում կլիման նպաստի քաղաքական և տնտեսական համագործակցությանը։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հ. Աաբդոլահիանի հրավերով և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է մասնակից երկրների համատեղ կոմյունիկեն։