Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում. Ժաննա Անդրեասյան
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության շրջանակը շատ լայն է, ընդգրկում է թե ժամանակակից արվեստը, թե մշակութային ժառանգության պահպանման ոլորտները և այս բոլոր ուղղություններով մի շարք կարևոր նախաձեռնություններ ունենք»,- Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտը կարևորագույն խնդիրներից է հատկապես նկատի ունենալով Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության վտանգվածությունը, որն այսօրվա քննարկման կարևոր թեմաներից է։
«Պետք է փորձել գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն թե բարձրացնել իրազեկվածությունը, թե կօգնեն դրանով իսկ բարձրացնել պաշտպանվածությունը»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով, այս օրերի ամենակարևոր խնդիրներից է վստահ լինել, որ մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները ԼՂ-ում ապահովված են։
«Ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, քանի որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանա փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո. ավելի մեծ թվով՝ 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
Նա նշեց, որ կարևոր է ոչ միայն նյութական ժառանգությունը, այլև ոչ նյութական, քանի որ ԼՂ բռնի տեղահանման հետևանքով տեսնում են, որ վտանգված է ոչ նյութական մշակութային ժառանգությունը ևս։
Ժ. Անդրեասյանը նաև հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն, որով նոր հեռանկարներ կբացվեն, ինչպես նաև կան համատեղ ցուցադրությունների, համերգների բազմաթիվ ծրագրեր։

