Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում. Ժաննա Անդրեասյան

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության շրջանակը շատ լայն է, ընդգրկում է թե ժամանակակից արվեստը, թե մշակութային ժառանգության  պահպանման ոլորտները և այս բոլոր ուղղություններով մի շարք կարևոր նախաձեռնություններ ունենք»,- Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ  մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտը կարևորագույն  խնդիրներից է հատկապես նկատի ունենալով Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության վտանգվածությունը, որն այսօրվա քննարկման կարևոր թեմաներից է։

«Պետք է փորձել  գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն  թե բարձրացնել իրազեկվածությունը, թե կօգնեն դրանով իսկ բարձրացնել պաշտպանվածությունը»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով, այս օրերի ամենակարևոր խնդիրներից է վստահ լինել, որ  մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները ԼՂ-ում ապահովված են։

«Ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, քանի  որ 2020 թվականից ի վեր չի  հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանա փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո. ավելի մեծ թվով՝ 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Նա նշեց, որ կարևոր է ոչ միայն նյութական ժառանգությունը, այլև ոչ նյութական,  քանի որ ԼՂ բռնի տեղահանման հետևանքով տեսնում են, որ վտանգված է ոչ նյութական մշակութային ժառանգությունը ևս։

Ժ. Անդրեասյանը նաև հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն, որով նոր հեռանկարներ կբացվեն, ինչպես նաև կան համատեղ ցուցադրությունների, համերգների բազմաթիվ ծրագրեր։