Վրաստանի ՍԴ-ն բավարարել է նախագահի իմփիչմենթի հայցը

Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է սահմանադրությունը։ Որոշմանն աջակցել է ՍԴ ինն անդամից վեցը, տեղեկացրել է «Грузия-онлайн»-ը։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2023թ. օգոստոսի 31-ին արտասահման կատարած աշխատանքային այցի ժամանակ իրականացրել է իր ներկայացուցչական լիազորությունները արտաքին հարաբերությունների ոլորտում՝ առանց համաձայնեցնելու Վրաստանի կառավարության հետ, խախտելով Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1 «ա» կետը։ Դատարանը եզրակացության է եկել, որ դա սահմանադրության խախտում է։ Եզրակացությունը վավեր է  Վրաստանի Սահմանադրական դատարանի կայքում հրապարակման պահից եւ վերանայման ենթակա չէ»,- ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան։

Սեպտեմբերի 12-ին 80 պատգամավոր դիմել էր Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։ Դիտարկումն սկսվել էր հոկտեմբերի 3-ին և ավարտվել հոկտեմբերի 5-ին։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո իմփիչմենթի հարցը կփոխանցվի խորհրդարան, որտեղ անհրաժեշտ է 100 ձայն նախագահին հեռացնելու համար։