Տիգրան Ավինյանը երդվեց առանց «վկաների»․ լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելված էր
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի երդմնակալության օրն էր։ Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շենքի մուտքի մոտ կարմիր գորգի վրա դիմավորեց հյուրերին եւ ներս հրավիրեց: Սակայն պարզվեց, որ լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելված էր։
Նրանց թույլ չտվեցին շենք մտնել և ներկա լինել նիստին, նման բան նախկինում երբեք չի եղել:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաև նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվեց ձեռքը դրած սեպագիր արձանագրության և ՀՀ Սահմանադրության վրա:
Նշենք, որ հատուկ այս արարողության համար քաղաքապետարան էր բերվել մեր թվարկությունից առաջ 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, երդվում եմ՝
Երևանի պաշտոնի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնգույն մայրաքաղաքի հարգի պահպանման և բազմապատկման համար: Պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շհերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը», հայտարարեց Ավինյանը:
Տիգրան Ավինյանը ստորագրեց իր երդման արարողության տակ, որն ի պահ կհանձնվի Երևանի պատմության թանգարանին:
Երևանի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան նորընտիր քաղաքապետին հանձնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Այնուհետև հնչեց Երևանի օրհներգը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը և ընտրվեց 32 կողմ, 5 դեմ ձայներով:

