Եթե ԿԲ նախագահի տեղակալն ու խորհրդի անդամները եղել են ՔՊ շտաբում, կամ պետք է հրաժարական տան, կամ նրանց հեռացման հարցը քննարկման դրվի․ իրավապաշտպան

Լրատվամիջոցներով տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ ԿԲ կառավարման խորհրդի անդամները և ԿԲ նախագահի տեղակալը եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում։

Մինչդեռ ԿԲ-ի պաշտոնական կայքում սևով սպիտակի վրա գրված կարդում ենք, որ «Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Tert.am-ի հետ զրույցում ասում է՝ եթե իրապես ԿԲ նախագահի տեղակալը, կառավարման խորհրդի անդամները եղել են որևէ քաղաքական ուժի ընտրական շտաբում, իրենք պետք է կամ ինքնակամ հրաժարական տան, կամ նրանց հեռացման հարցը քննարկման դրվի՝ դադարեցնելով նրանց լիազորությունները։

Իրավապաշտպանի խոսքով, սակայն, հարց է ծագում, թե ով է ԿԲ կառավարման խորհրդի անդամների, նախագահի տեղակալի ՔՊ շտաբում գտնվելու փաստով նրանց լիազորությունների դադարեցման հարցը քննարկման դնելու։

«Կան պաշտոններ, որոնց պարագայում նրանք ընտրությունների ժամանակ չեն կարող լինել որևէ մեկի կողմնակիցը։ Դա օրենքի պահանջ է, հետևաբար, նրանց լիազորությունները պետք է դադարեցվեն։ Եթե նման բան է եղել, հասարակությունը պետք է դրա մասին տեղեկացված լինի»,- մատնանաշեց Նինա Կարապետյանցը ՝ նկատելով, որ իշխող ուժն էլ է այսօր օգտագործում նույն գործիքակազմը, ինչը նախորդ իշխանությունները։

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահը զարմացած չէ այս ամենից։ Նա նշեց, թե այն, ինչ կատարվել է, բնորոշ է հանցավոր ռեժիմներին։

«Երևանի ավագանու ընտրություններում տարբեր տեսակի ընտրախախտումներ են գրանցվել, ֆինանսական ներդրումներ եղան, օլիգարխիայի կողմից աջակցություն, թաղի խուժանի աջակցությունն էլ եղավ, բայց որևէ դեպք չդատապարտվեց, գնահատականներ չտրվեցին, ինչպես նաև որևէ մեկն այս ամենի համար պատասխանատվության չի ենթարկվում։ Ես մի քանի տարի առաջ ասել եմ՝ եթե նման գործողությունները չեն դատապարտվում, նշանակում է, որ այն ինչ-որ պահի օգտագործելու են նաև գործող իշխանությունները, ինչին հիմա մենք ականատես ենք լինում»,- եզրափակեց իրավապաշտպանը։