ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-11

Սկիզբը՝ այստեղ

Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք «Սրբալույս» մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի:

Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդարված ենք: Բացի այս հոգևոր իմաստից, նկատի պետք է ունենալ, որ Մյուռոնի գլխավոր նյութերից ձիթայուղը կանաչավուն է, և այն տարիների ընթացքում գունափոխվում է և դառնում ավելի կանաչ:

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:

Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:

Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:

Ուշագրավ է, որ Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է: Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին (1885-1891), որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար.

«Ի նկատի ունենալով հայոց ներկայ վիճակը այն խճճեալ հանգամանաց մէջ, ուր գտնւում է ազգը, նորա հոգեպէս իրար հետ կապողը համարում եմ ո´չ նորա լեզուն, ո´չ դպրոցները, ո´չ գրականութիւնը, ո´չ նիւթական շահերը, ո´չ միտք զարգացնող գաղափարները, միով բանիւ ոչինչ և ոչինչ, այլ միայն Սուրբ Միւռոնը, որն հաւասարապէս և առանց բացառութեան ամեն հայի համար նուիրական է, իշխանազն մեծատունէն բռնած մինչև հետին մուրացիկ աղքատը, և զառամեալ ծերունիէն սկսած մինչև նորածին երեխան. կրկնում եմ` միմիայն հայկական միւռոնը, Մայր Աթոռի մէջ պատրաստած, ճանաչում եմ ամեն հայի համար հաւասարապէս սուրբ, նուիրական պաշտելի և կարևոր: Այս է պատճառը, որ հայկական միւռոնը ճանաչում եմ ես այն ազգային դրօշակը, որոյ ներքոյ հաւատով, յուսով և սիրով ժողովւում են ամեն հայք առանց խտրականութեան հասակի և վիճակի, և դիտաւորութիւն ունեցայ շինել տալ մի կաթսայ, որի ծախքն պիտի լցնէ երկրագնդիս վրայ գտնուած ամեն հայի լուման».

Մեծանուն մտավորականը նամակում տալիս է նաև կաթսայի նկարագրությունը և նշում այն անձանց անունները, ովքեր պատրաստ են ֆինանսավորելու կաթսայի պատրաստումը: Ցավոք, Պատկանյանի այս նախաձեռնությունն այդ պահին իրականություն չի դառնում, այլ մի քանի տարի անց: