Այն, ինչ կատարվում է Արցախում, Փաշինյանի արցախուրաց քաղաքականության հետևանք է. ելքը` իշխանափոխությունն է

Ամեն ինչ արվում է, որ արցախահայության հայրենազրկումը տեղի ունենա հենց Արցախի ձեռքով

32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը, որն ընդունեց հռչակագիր:

Հռչակվեց Արցախի անկախությունը` ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Սկսվեց պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորումը:

Արցախի Հանրապետության անկախության հռչակումը կայացավ թե՛ միջազգային, թե՛ ԽՍՀՄ օրենսդրության և սահմանադրական իրավունքի տառին, ոգուն համապատասխան, անթերի: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, ու բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

1992 թ. հունվարի 6-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված  անկախության հռչակագրով վերահաստատվեց Արցախի Հանրապետության  անկախությունը: Հռչակագրի ընդունումը Արցախի պատմության մեջ եղավ շրջադարձային:

Արցախի անկախության պետականաշինության ուղին եղավ բարդ ու   դժվարին՝   մարդկային ու նյութական կորուստներով, ամենատարբեր խոչընդոտներով։ Բայց   ոչինչ չկանգնեցրեց արցախցու  հաղթական ոգին, այդ պայքարը եղավ հերոսական ու ավարտվեց հաղթանակով: Այդ պատմական   իրականությունը տեղի ունեցավ շնորհիվ հայության ներուժի համախմբման, շնորհիվ Մայր Հայաստանի  ու  Սփյուռքի ակտիվ ջանքերի:

«1994-ին Հեյդար Ալիևը Ելցինին անկեղծորեն ասել էր՝ սարսափած է հայերի հաղթանակից: Այս մասին Ելցինն ինքն է ինձ անձամբ պատմել», -մեզ հետ զրույցում վերհուշ ապրեց  գրող, հրապարակախոս  Զորի Բալայանը:

Սակայն  32 տարի անց կանգնած ենք բոլորովին այլ իրավիճակի առաջ. Արցախի Հանրապետության հռչակման օրը նշանավորվեց բացառիկ բարդ իրավիճակով` բռնազավթված տարածքներ, Բերձորի միջանցքի  9 ամսից ավելի շարունակվող շրջափակում, հումանիտար աղետ… 2022 թ. դեկտեմբերից առ այսօր Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ` զրկված  ՀՀ-ից մատակարարվող գազից, էլեկտրաէներգիայից, սննդից։  9 ամիս է, որ Ադրբեջանն անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ՄԻԵԴ որոշումները, միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, 120 հազար արցախահայությանը պահում է կատարյալ պաշարման մեջ` մատնելով սովահարության:

Արցախն այսօր  պաշարված ամրոց է:

32 տարի անց իրավիճակը բացառիկ է նաև նրանով, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը մի մարդ է, ով սեպտեմբերի 2-ը չի ընդունում  ԼՂՀ անկախության հռչակման օր, ու հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի մաս է: Երբ Նիկոլ Փաշինյանը արևմտյան հարթակներում տեղի ունեցած բանակցություններում, (մասնավորաբար,  Պրահայում 2022, հոկտեմբերի 6) տվեց իր համաձայնությունը` Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, դրանով նա  ի լուր աշխարհի ասաց, որ Արցախի Հանրապետություն գոյություն չունի:

Այն, ինչ կատարվում է Արցախում, Փաշինյանի արցախուրաց քաղաքականության հետևանք է:

ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները, որոնք 30 տարի շարունակ կարևորել են Արցախի ինքնորոշման իրավունքը ու բանակցություններում առաջ մղել Արցախի կարգավիճակի հարցը, Փաշինյան Նիկոլի հայտարարությունից հետո, մասնավորաբար, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, այսօր խոսում են բացառապես Արցախը Ադրբեջանի մաս լինելու մասին և հայտարարում, քանի որ ՀՀ ղեկավարը ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ուրեմն, Հայաստանը պիտի համոզի Ղարաբաղում բնակվող  հայերին` արագ ինտեգրվել Ադրբեջանին:

Փաշինյան-Հարությունյան երկյակը 44-օրյա պատերազմից հետո` առ այսօր Ալիևի ու Էրդողանի ցուցումով ամեն ինչ արեց, որպեսզի  իրավիճակն Արցախում դառնա օրհասական: 90-ականներին` պատերազմի ծանր տարիներին ևս  Արցախը  շրջափակման մեջ էր, բայց  փակ ճանապարհները չխանգարեցին, որ արցախցին պայքարեր ու  հաղթեր: Մինչդեռ  այսօր հենց ներսից է ամեն ինչ արվում, որպեսզի արցախցին  անկարող լինի  պայքարել և ապրել  իր բնօրրան հայրենիքում:

Հարցեր են առաջանում ուղղված ընդամենը օրերս հրաժարականի դիմում ներկայացրած` այլևս նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Երբ դեռ ճանապարհները բաց էին, ինչո՞ւ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Հարությունյանը չլուծեց պարենային անվտանգության խնդիրը: Ինչի մասին, ի դեպ, նրան բազմիցս է ասվել: Պարենային անվտանգության հարցը լուծելու փոխարեն Հարությունյան Արայիկը Արցախը աղետի գոտի հայտարարեց: Եթե այսօր Արցախում կա հացի խնդիր, ապա գոնե հնարավոր էր այնպես կազմակերպել աշխատանքը, որ չլիներ, օրինակ, բանջարեղենի պակաս: Այո, դա հնարավոր էր անել, եթե ցանկանար Հարությունյանը: Բանն այն է, որ Արցախում ոչ միայն գյուղաբնակները, այլև քաղաքաբնակներն են զբաղվում բոստանաբանջարանոցային կուլտուրաների մշակմամբ: Արցախի դաշտերում այսօր առատ բերք կա, մինչդեռ հասունացած բերքը վառելիքի պակասի պատճառով քաղաք չի հասնում: Ի՞նչ է ստացվում`դաշտերում կա սնունդ, բայց չկա վառելիք` սովի մեջ գտնվող ժողովրդին այն հասցնելու համար:

Արդյո՞ք սա կանխամտածված սցենար  չէ` նախ սովի մատնել ժողովրդին, ապա ստիպել կատարել թշնամու հրեշավոր ծրագիրը, այն է` կամ լքել Արցախը, կամ ցեղասպանվել: Դրա իրականացմանը լծվել են նաև Փաշինյանի կողմից Արցախում ներդրված որոշ ուժեր: Դրանք Արցախում բուն դրած արևմտյան գրանտներից սնվող հայտնի  սորոսականներ են: Նիկոլին հաջողվել է «տրոյական ձին» Արցախ մտցնել: Նպատակը պարզ է` ամեն ինչ անել, որպեսզի արցախահայության հայրենազրկումը տեղի ունենա հենց արցախցու ձեռքով, որ հետո Նիկոլն ու իր ոհմակը ասեն` կարո՞ղ էիք` պահեիք ձեր հայրենիքը, մենք ի՞նչ անեինք…

Արցախի ամբողջական հանձնմանը այսօր մեկ բան է միայն խանգարում, դա արցախահայության հայրենասիրությունն է, իր հայրենիքում ապրելու վճռական կամքը, հանուն Արցախի մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը: Արցախի հանձնումը վերջնականապես գլուխ բերելու համար գնում է արցախցու կամքը, հաստատակամությունը կոտրելու գործընթաց:

Նույնն են Փաշինյանի ու Ալիևի ծրագրերը` հայաթափել  Արցախը:

Փաշինյանը վաղուց է  բանակցում  Ալիևի օրակարգի շուրջ, իսկ  հետո գալիս ասում, թե մեր բանակցությունները Լաչինի միջանցքի բացման շուրջ որևէ արդյունք չտվեցին, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն է  լարված: Պատերազմում պարտվածը, բանակցություններ վարելու հարցում անկարողը` շարունակում է մնալ ՀՀ իշխանության ղեկին ու երկիրը կառավարել Բաքվի օրակարգով: Հնարավորն արվում է Հայաստանի շուրջ ևս օրհասական իրավիճակ ստեղծելու համար, որպեսզի արդարացնի Բաքվի պահանջ-առաջարկների վրա հիմնված  «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչին 2 տարուց ավելի է, որ հայ ժոովրդին  նախապատրաստում է Փաշինյան Նիկոլը:

Օրերս  իտալական La Repubblica թերթի հետ հարցազրույցում, լրագրողը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին տրամաբանական հարց ուղղեց. «Ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից»,-Փաշինյանը խուսափելով ուղիղ պատասխանից` ասել է. «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն»:

Թե ի՞նչ երախշխիքերի մասին է խոսում նա, պարզ չէ, դա հայտնի չէ նաև միջազգային հանրությանը, այդ մասին ոչինչ չի ասում ԱՄՆ-ը Բրյուսելը, Ֆրանսիան, Ռուսաստանը: Նման մեխանիզմներ առ այսօր հայտնաբերված չեն, բայց պարզվում է՝ կան Նիկոլի ուղեղում:  ՀՀ նախկին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը անդրադառնալով երաշխիքների հարցին՝ դիպուկ նկատել էր. «Հիմա Նիկոլը նոր բան է մտածել, ասում է՝ մենք պետք է հասնենք միջազգային կառույցներ, որոնք կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Սուտ է ասում: Չկա այդպիսի բան»։

ԵԼՔԸ. ԲԱՆԱԿՑՈՂԸ ՊԵՏՔ  Է ՓՈԽՎԻ

Իր ելույթում ասաց  Վազգեն Մանուկյանը երաշխիքների հետ կապված ահա թե ինչ է ասել։ Սեպտեմբերի 2-ին Երևանի «Ազատության» հրապարակում ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել՝  ի զորակցություն Արցախի, ի նշանավորումն Արցախի Հանրապետության անկախության հռչակման: Բոլորի մտքում այս համոզմունքն էր. «Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստանի չկա Արցախ»։

«Արցախի ժողովուրդը ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որպեսզի Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի։ Ու այնտեղ ծծկեր երեխաներ, կանայք, տղամարդիկ, մեծահասակներ․ այս պատմությունը համաշխարհային պատմության ոսկի էջերում է գրվելու, որովհետեւ քիչ է այսպիսի բան պատահում, որ 120 հազար հոգի մնան մի տեղում պաշարված եւ չուզենան հանձնվել իրենց հայրենիքը պահելու համար։ Սա ոսկի տառերով գրվելու է համաշխարհային պատմության մեջ»,- հանրահավաքին հնչեցրած իր ելույթով ասել է Վազգեն Մանուկյանը:

Հրավիրված հանրահավաքին մասնակցում էին նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք օրվա առիթով հանդես եկան ուղերձներով։

Իր ուղերձում Սերժ Սարգսյանը նշում է․

«Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:

Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:

Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել:

Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել»:

Երրորդ նախագահը նաև կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Հարցին` Արցախի համար պայքարում բեկում հնարավո՞ր է այս փուլում մտցնել,  Սերժ Սարգսյանը ասել է` «Իհարկե, միանշանակ, հնարավոր է»: Իսկ հնարավո՞ր է իշխնափոխությունից հետո հասնել հաջողության, երբ  մսխված է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական  ներուժը, նախագահը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է վերականգնել»: Սակայն կա մեկ ճանապարհ. «Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը»,– նշեց ՀՀ երրորդ նախագահը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը մասնակցելո՞ւ է ՀՀ նոր կառավարության ձևավորմանը, ասել է. «Ձևավորմանը` ոչ», բայց կմասնակցի «գործող իշխանությունների հեռացմանը»։

Ավելի վաղ Սերժ  Սարգսյանը ասել էր. «Չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում սկսել այլ կերպ մտածել: Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել: Պետք է փոխվի բանակցողը: Չի՛ կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից հերթական իր հոդվածում, որ   վերնագրել էր` «Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք», ընդգծում է, որ աշխարհ վերադառնալու բոլոր ճանապարհները տանում են դեպի վարչապետական աթոռ. «Եվ եթե մեզ իրոք դուր չի գալիս, որ աշխարհն անցնում է մեր վրայով, ապա մենք պարտավոր ենք անցնել Նիկոլ Փաշինյանի վրայով»:

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ևս նկատել է` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականն ապացույցներից մեկն է, որ իշխանափոխությունն է լուծումը, նույնը պետք է տեղի ունենա ՀՀ-ում, դա քաղաքական, իրավիճակային, բնական պահանջ է: Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված որևէ լուծում հայ մարդու համար գոյություն չունի: Այս իշխանությունը սպառնալիք է յուրքանաչյուր հայի անվտանգությանը»:

Այո, լուծումը մեկն է` իշխանափոխություն: Մնում է տեղի ունենա սպասվածը` համազգային շարժում, որը կհամախմբի քաղաքական ուժերին իշխանափոխության  գաղափարի շուրջ: Միայն իշխանափոխությամբ հայ ժողովրդը աշխարհին կկարողանա ցույց տալ իր կամքը, վճռականությունն ու հասնել հաղթանակի: 

Կարինե Գևորգյան