1991 թվականից ի վեր ժամանակի իշխանությունները փորձում էին ամեն գնով մեզ դարձնել Արևմուտքի երկրոդական հենակետը տարածաշրջանում․ Գեղամյան

Այն, ինչ անում են այսօր ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները, փորձում էին 1991 թվականից ի վեր՝ անկախության առաջին օրվանից անել ժամանակի իշխանությունները՝ ամեն գնով մեզ դարձնելով Արևմուտքի երկրոդական հենակետը տարածաշրջանում ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ երկրների։ Պատահական չէ, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հատկապես այսօր այս քաղաքականությունը և այն վարող ուժերը ունեն Արևմուտքի լիակատար աջակցությունը ներքին հարցերում։

Դեռ այն ժամանակ էլ քիչ թե շատ անկախ մտածողները (որոնց դժվար էր մեղադրել ռուսամետ կամ իրանամետ կողմնորոշումն ունենալու մեջ), ցույց էին տալիս, որ այդպիսի մտածողությունը սխալ և կործանարար է հայկական քաղաքական միավորի՝ հայկական պետության համար։

Ահա մի դրվագ այդպիսի մտածող, վաղամեռիկ լրագրող Տիգրան Հայրապետյանի 1992 թ. գրված հոդվածից.

«… Քանի որ Արևմուտքի գլխավոր ստրատեգիական դաշնակիցը շրջանում Թուրքիան է, ապա Հայաստանի կապը (տնտեսական, քաղաքական և, հնարավոր է, այլ բնույթի) Արևմուտքի հետ կիրականացվի անմիջականորեն Թուրքիայի մասնակցությամբ։… Հայաստանը ստիպված կլինի իր ճանապարհների ցանցով, ֆինանսատնտեսական համագործակցությամբ, իսկ Արևմուտքի հետ ռազմական դաշինքի հաստատման դեպքում՝ նաև քաղաքական ու ռազմական դաշնակցությամբ, սերտաճել Թուրքիայի հետ, ինչը կսահմանափակի հանրապետության ինքնավարությունը, հատկապես ազգային խնդիրների հարցում»։

Այս պարզ և միաժամանակ «չբարձրաձայնվող» իրողության մասին առաջիկայում կլինեն ավելի ծավալուն գրառումներ՝ իմ նոր գրքից։

 

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան