Այսօրվանից ֆլեշ-մոբ ենք անելու, որ սեպտեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը հարցաքննվելու է դատարանում (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 18-ին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ դատակոչված էին LIVEnews.am-ի լրագրող Լուսինե Այրապետյանը և Գարեգին Չուքասզյանը, որը ծանուցված չէր և չէր ներկայացել։
Անդրադառնալով Լուսինե Այրապետյանին որպես վկա ներգրավելուն՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ որևէ ապացույց չկա այն բանի, թե տվյալ մամուլի ասուլիսը լուսաբանել է Լուսինե Այրապետյանը, դատախազությունն էլ որևէ ապացույց չի ներկայացրել։ Մինչդեռ այդ ասուլիսի ժամանակ Գառնիկ Իսագուլյանի հնչեցրած հայտարարության համար իբրև վկա Լուսինե Այրապետյանին են ընտրել։
Գառնիկ Իսագուլյանը խոսեց դատական նիստի լուսաբանումն արգելելու մասին՝ նշելով, որ իր հանդեպ հարուցված գործը հանրային մեծ հետաքրքրություն ունի, քանի որ առնչվում է Շուշին հանձնելուն, Արցախը վաճառելուն, հայկական կեղծ անձնագրեր ադրբեջանցիներին բաժանելուն, 2018 թվականի հեղաշրջումը թուրքական գումարներով անելու փաստին։ Հետևաբար այդ գործով բոլոր նիստերը պետք է հասանելի լինեն հանրությանը նաև ուղիղ հեռարձակմամբ։ Սեպտեմբերի 18-ին՝ հաջորդ դատական նիստին նախատեսվում է որպես վկա հարցաքննել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, և Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ այդ կապակցությամբ այսօրվանից իրազեկման ֆլեշ-մոբ է իրականացվելու, որպեսզի դատարանը թնդա մարդկանց ներկայությունից։
Մանրամասները դիտեք տեսանյութում

