Թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը. Կիչանի համայնքապետ

«Բնակիչների շրջանում, իհարկե, տագնապ ու վախ կար, բայց խուճապի չենք մատնվել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մատաղ կյանքերը մեր հողի համար են դրվել զոհասեղանին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը։

Նա նշել է, որ գյուղում շարունակում են ապրել ու արարել` խաղաղության հաստատման մասին հույսը չկորցնելով:

Համայնքապետի խոսքով՝ գյուղի` մշակման ենթակա հողատարածքները բավականին մոտ են թշնամու մարտական դիրքերին, ինչի պատճառով 2022 թվականին աշնանացան մշակաբույսերի շատ փոքր ծավալի ցանքս են  կատարել, այն էլ`  միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:

«Պատրաստվում ենք խոտհարքին, որից հետո նախատեսում ենք մեկնարկել  գարնանացանի աշխատանքները: Բայց համոզված չենք, որ կստացվի, քանի որ թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը: Հողատարածք ունենք, որը ևս չենք կարողացել մշակել, տեղում առաջացած խոտն էլ ուզում ենք կենդանիների համար որպես կեր բերել, բայց դա ևս չի ստացվում: Մենք լավ ենք հասկանում, որ նրանց նպատակն է ամեն ինչ անել, որպեզի թողնենք ու հեռանանք այստեղից, բայց մենք չենք պատրաստվում թշնամուն ուրախացնել: Անձամբ զրուցել եմ համայնքի բոլոր բնակիչների հետ, բոլորն էլ հաստատակամ են իրենց տներում ապրելու»,- նշել է համայնքապետը:

Ա. Հակոբյանն ասել է, որ գյուղացիները տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել: Որոշ մշակաբույսերի քաղն արդեն սկսել են: Առատ տեղումների պատճառով այս տարի գյուղում նաև մրգի պակաս է զգացվում: