Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ՀԱՊԽ) նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ արևմտյան երկրներն անկեղծ ցանկություն չունեն նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն տեսնում ենք ոչ թե համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ձգտում, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես ինչ-որ ուժ հաստատվելու ցանկություն, որը գրեթե որոշիչ դեր կխաղա այստեղ»,-նշել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ սա հասկանում են Ռուսաստանի գործընկերները Երևանում և Բաքվում։
Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանը դեմ չէ, որ այլ «միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում», սակայն այդ միջնորդությունը պետք է արտացոլի հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը։

