Բորելն ու Էրդողանը շոյեցին դավաճանի գլուխը, որ նա շարունակի հայ ժողովրդի դեմ իրականացնել իր մութ ու սև գործարքները

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան` ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, օրերս բացահայտեց Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի հակահայ պայմանավորվածությունը` ասելով. «Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում, և դա արտահայտում է միանշանակ կերպով»: Բորելը, իհարկե, դա ասաց ամենևին ոչ քննադատաբար, այլ Նիկոլի գլուխը շոյելով, որն ի տարբերություն ՀՀ նախկին իշխանությունների, նախկին նախագահների՝ գնաց հայկական շահերի ոտնահարման ճանապարհով ու կատարեց իր` գործակալի հանձնարարականը` Արցախը տալով Ադրբեջանին: Նման հայտարարությունից հետո նա պետք է պաշտոնանկ արվեր, կալանավորվեր որպես դավաճան: Ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ շնորհակալություն հայտնեց Փաշինյան Նիկոլից, որը ներկա էր գտնվել իր երդմնակալության արարողությանն ու առատորեն քծնել երկու թյուրք առաջնորդներին` Հայաստանի, Արցախի հաշվին նոր խոստումներ տալով:

Բորելի ու Էրդողանի խրախուսական գովեստներից ոգևորված` Ալիևն էլ իր հերթին սեփական «մուսկուլները» ցույց տվեց կամակատարին` նրանից պահանջելով գործը մինչև վերջ հասցնել` «քաղաքական կամք դրսևորել ու այն, ինչ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է` ամրապնդել թղթի վրա, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է»: Այսինքն, Ալիևն այսօր Նիկոլից պահանջում է` Արցախն ուրանալու մասին տված բանավոր խոստումները հանձնել թղթին` այն արձանագրելով «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթում: Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ գործող իշխանությունների հակահայկական քաղաքականությունից, նաև միջազգային հանրության անտարբերությունից ու ավարտին հասցնել արցախահայերի դեմ էթնիկ զտման, բռնի տեղահանման քաղաքականությունը:

Այսպիսով, Բորելը Նիկոլին ուղղված գովասանքի խոսքով հաստատեց, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանի պատմության մեջ միակ պաշտոնյան է, որն ուրացավ հայկական Արցախը: Սա այն դաժան իրականությունն է, որի մեջ գտնվում Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը: Իսկ մնացածը` Արցախը Ադրբեջանին տալու հարցում նախկիններին մեղադրելը, դավաճան Նիկոլի կեղտոտ խաղերի դաշտից են:

Վերջերս էլ մի նոր թեզ շրջանառեց, թե. «Հայաստանում ժողովրդավարություն չի եղել, դրա համար մենք բոլորս չգիտեինք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»: Ու հիմա ինքը, որպես «ժողովրդավարական բաստիոնի առաջանորդ»` բացել է ժողովրդի աչքերը, դետալ առ դետալ ներկայացնելով բանակցային գործընթացի ճշմարտությունը:

Նիկոլն իր հերթական անհեթեթ հայտարարությունը նետեց դաշտ, կրկին մեկ նպատակ ունենալով` մեղադրել նախկիններին` կրկնելով այն հայտնի կեղծիքը, թե իբր «նախկիններն են հանձնել Արցախը ու գցել Նիկոլի գրպանը»: Այս մասին գրել ենք ու շատ ենք գրելու, քանի դեռ հայ մարդը վերջնականապես չի համոզվել, թե իրականում ով է Նիկոլ Փաշինյանը, ովքեր են ՔՊ-ականները, ինչու և ինչպես նրանք կարողացան զավթել Հայաստանի իշխանությունը, ինչ նպատակով սրանք 2018-ին բերվեցին իշխանության:

Դառնալով Նիկոլի կեղծ թեզին` նկատենք, որ ցանկացած բանակցություն երբեք դետալ առ դետալ չի հանրայնացվում, քանի դեռ կողմերի հետ համաձայնեցված չէ ամբողջը: Սա բանակցային գործընթացներում ընդունված կարգ է, ինչը հարգել են ՀՀ նախկին իշխանությունները` բանակցությունները չվնասելու համար: Բայց դրա հետ մեկտեղ մշտապես ներկայացրել են ՀՀ մոտեցումները, դիրքորոշումները` հիմնված հայկական պետական ու ազգային շահի վրա, սահմանել մեր կարմիր գծերը: Ինչը երբեք չի արել փաշինյանական վարչախումբը: Ի վերջո, բանակցային դետալներ չներկայացնելն ամենևին չի նշանակել բանակցել հայ ժողովրդի թիկունքում Արցախը հանձնելու շուրջ. այնպես, ինչպես վարվեց Փաշինյան Նիկոլը:

Արցախյան բանակցությունների վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունները, հրապարակված բազմաթիվ նյութերը վկայել են այն մասին, որ արցախյան բանակցություններն ընթացել են` արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա, գործընթացը ծավալվել է Արցախի կարգավիճակի հստակեցման շուրջ: « Ղարաբաղը պետք է կարգավիճակ ունենա»,- սրա վրա է խարսխվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային քաղաքականությունը:

Խոսելով Արցախյան հիմնախնդրի լուծման մասին` միջազգային հարթակներից, նաև օտարերկրյա լրատվամիջոցներին տված իր բազմաթիվ հարցազրույցներում Սերժ Սարգսյանը հստակ շեշտել է, որ լուծումը լինելու է միմիայն փոխզիջումային տարբերակով, հայկական կողմը զիջումների որևէ մտադրություն չունի և հետագայում չի ունենա:

Իշխանափոխությունից հետո` 2021-ին անդրադառնալով իր քաղաքականությանը վերագրվող կեղծիքին, որն ի դեպ գեներացնում էր հենց Փաշինյան Նիկոլը, BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը երբեք «ոչ մի թիզ հող» գաղափարի կողմնակից չի եղել, քանի որ կարևորել է լուծման փոխզիջումային տարբերակը: «Ոչ ոք չի կարող մեղադրել մեզ նրանում, որ մենք ոչ մի թիզ հող գաղափարի կողմնակից էինք կամ դիտմամբ ձգձգում էինք բանակցային գործընթացը: Դուք ոչ մի դեպքում չէիք կարող լսել ինձնից խոսքեր այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2000-ականներին ես անգամ խորհրդարանի դահլիճից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի մասին, ոչ էլ պատմության մեջ մնալու մասին: Ես մտածում էի խնդրի լուծման մասին»:

Երրորդ նախագահը քանիցս շեշտել է այն կարմիր գծերը, որոնց հարցում Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է.

Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի համոզմունքն է` «Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Արցախի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր»:

ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ ԹԻՎ ՄԵԿ ՍՏԱԽՈՍԻՆ

Դառնալով Փաշինյանի հերթական կեղծիքին, թե Հայաստանում ժողովրդավարություն չի եղել, դրա համար Ղարաբաղի հարցում չենք իմացել ճշմարտությունը, ուզում եմ մի քանի հարց ուղղել թիվ մեկ ստախոսին.

Եթե նախկինները, քո ասելով` բանակցային դետալները թաքցրել էին ժողովրդից, ինչո՞ւ դու` ժողովրդավարդ, 2018-ին գալով իշխանության, չբարձարաձայնեցի այդ մասին, ինչո՞ւ դետալ առ դետալ չգաղտնազերծեցիր բանակցային գործընթացը։

Ինչո՞ւ 2018-ին չասացիր, որ քեզնից առաջ նախկիններն արդեն հանձնել են Արցախը: Որովհետև նման բան չկար, և դու մոգոնեցիր դա այն ժամանակ, երբ Արցախը հանձնելու համար գործարքի մեջ մտար «բարեկիրթ» Ալիևիդ հետ,

Ինչո՞ւ քո կառավարության ծրագրում` 2018-ից սկսած, զետեղեցիր նախկինների թողած բանակցային ժառանգության կարևոր ձևակերպումները` Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի մասին: Իսկ հետո, պաշտոնավարմանդ 4-րդ տարում սկսեցիր ալիևյան ոճով քննադատել Մադրդյան սկզբունքները, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին մեկընդմիշտ մոռացար և՛ դու, և՛ քո թրքահպատակ թիմը։

Ինչո՞ւ 2021 թվականի ընտրություններին ընդառաջ Արցախի վերաբերյալ նախկինների շեշտադրումները կրկին ներառեցիր քո նախընտրական ծրագրում, խոստացար պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, վերընտրվեցիր ու դրժեցիր խոստումդ: Դու խաբեցիր հայ ժողովրդին, ով քեզ մանդատ չի տվել Արցախը հանձնելու համար,

Ինչո՞ւ 4 տարի շարունակ թաքցրեցիր «իրականությունը» ժողովրդից ու միայն քո պաշտոնավարման 4-րդ տարում` 2022-ին սկսեցիր խոսել ԼՂ հարցում նշաձողը իջեցնելու մասին, մի բան, որ երբեք չեն արել նախկինները:

Ինչո՞ւ անդադար պտտում ես Բաքվի թեզերը` ճգնում ապացուցել ադրբեջանական կեղծիքը, թե Ադրբեջանն Արցախի վերամիավորման հարցում ունի իրավական, քաղաքական հիմքերը, ինչու ես անտեսում, մի կողմ թողնում հայանպաստ պատմաիրավաքաղաքական փաթեթը։

Եվ վերջապես, 2018-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում քեզ հավատացող մարդկանց խոստանում էիր` որևէ գաղտնիք Արցախի հարցում չթաքցնել հայ ժողովրդից, խնդրի լուծման համաձայնությունը նախ ստանալ ժողովրդից` Հրապարակում: Սակայն խաբեցիր, և ժողովրդի թիկունքում գործարքի մտար թշնամու հետ, ու շարունակում ես խաբել` բանակցելով թշնամու հետ:

Փաշինյան Նիկոլը միայն Արցախը չէ, որ հանձնել է թշնամուն, նա Հայաստանն է հանել աճուրդի` ահռելի տարածքային զիջումներ խոստանալով Բաքվին:

Նիկոլը գիտի, որ իր վերջը հեռու չէ, ու գնալուց առաջ փորձում է հազար ու մի նոր կեղծիք հորինել`իրեն արդարացնելու համար:

Ի դեպ, վաղը` հունիսի 20-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստը, Փաշինյանը հայտարարել է, թե բաց քննարկում է լինելու, ու ինքը հանդես է գալու ելույթով: Սա նշանակում է՝ ուրացողը պատրաստվում է ստի ու կեղծիքի, նոր տեխնոլոգիաներով մշակված մանիպուլյացիայի ահռելի չափաբաժին մեջտեղ բերել, նորից խաբել ու մոլորեցնել ժողովրդին, ճշմարտությունը ստով թաքցնել, դավաճանությունը որպես հայրնասիրություն ներկայացնել: Վստահ եմ` ականատես ենք լինելու նիկոլական ցինիզմի նոր դրսևորման, նողկանք առաջանցող խոսքեր են հորդելու: Նա մեղադրելու է բոլորին` բանակին` զինվորից մինչև հրանանատար ու գեներալ, վերաթարմացնելու և շրջանառելու է թուրքական կեղծ թեզերը` 5-րդ շարասյան, 11 000 դասալիքների մասին, նորից մեղավոր է կարգելու ընդդիմությանը, ժողովրդին, եկեղեցուն, նաև դաշնակից ու դրկից երկրներին, բոլորին, նա անամոթաբար ոտնատակ է տալու ամեն ինչ, ամեն սրբություն` միայն իրեն արդարացնելու համար:

Այո, Նիկոլը գիտի, որ սա իր վերջն է, ու շտապում է մաքրվել իր իսկ ձեռքով գործած զարհուրելի մեղքից` այն ուրիշների վրա բարդելով: Սակայն դա նրան չի հաջողվելու…

Կարինե Գրիգորյան