Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը և դեսպանատան ողջ անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

«Մեծ եղեռնի զոհ են դարձել 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և տարեցներ, որոնք սպանվել են կամ դատապարտվել մահվան միայն այն պատճառով, որ հայ էին։

Այսօր Հայաստանը պարտավորվել է մշտապես և հետևողականորեն մասնակցել նման հանցագործությունների նշանների բացահայտմանն ու վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև աջակցել դրանց կանխման և վերացմանն ուղղված նախաձեռնություններին։

Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ Հայաստանի Հանրապետությունը կառուցում է իր ինքնիշխան ապագան խաղաղության օրակարգի հիման վրա»,- նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։