Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա․ մարզպետ
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ շատ փակագծեր չի կարող բացել:
«Իհարկե, շատ բնակիչներ ցանկանում են իրենց մոտ զենք ունենալ, բայց դա միանշանակ ճիշտ չէ։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել։ Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա՝ սխալ է։ Դրանք կան»,- ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով, Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Չնայած այդ ամենին, տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն։
Նա նշեց, որ Տեղ գյուղի 50 բնակիչ Ադրբեջանի ԶՈւ-ի պատճառով զրկվել է հողատարածքներից։
Անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տեղահանվածներին, մարզպետն ասաց, որ մի մասն աշխատանք է անցել Սյունիքում, նրանք տեղակայված են Գորիս քաղաքի հյուրանոցներում, ապահովված են սննդով և կացարանով, նրանց աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

