Հայաստանում մեկնարկում է «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը․ Ավետիք Չալաբյան

Հայաստանում մեկնարկում է «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։ Նախաձեռնության մեկնարկին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց «Համախմբում» խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը` վստահեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հայությանը զրկել հիշողությունից, արժեքներից ու դարձնել մանկուրտների խումբ։

«Վարչապետ կոչվող անձը փորձում է զրկել մեզ ինքնությունից, պատմական հիշողությունից, ապագայից ու ապագայի իդեալներից` փորձելով մեզ սարքել մանկուրտ, անդեմ, նյութապաշտ, վախկոտ և ողորմելի մարդկանց մի բազմություն, որն իրավունք չունի ազգ կոչվելու։ Մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել դա»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, թե այս իշխանությունը փորձում է մարդկանց շրջանում անելանելիության զգացում ստեղծել։

«2021 թվականին մի կերպ ընտրությունները հաղթելուց հետո, նա փորձել է ստեղծել այնպիսի տպավորություն, որ հայ ժողովուրդը պաշտպանում է այս իշխանություններին և կպաշտպանի ցանկացած գործողություն, որը կիրականացնի իշխանությունը։ Դա կեղծիք է։ Այս իշխանության վարկանիշն իր պատմական նվազագույնի վրա է հիմա գտնվում», – նշեց Ավետիք Չալաբյանը։
Նա ասաց, թե այս իշխանությունները նախընտրական մի ծրագրով են ընտրվել, որի հիմքում Արցախի ինքնորոշման ճանաչումն ու Արցախի դեօկուպացիան է եղել։

«Հրաժարվելով սեփական նախընտրական ծրագրից, սահմանադրության պահանջներից՝ այս իշխանությունները կա՛մ պետք է սեփական քաղաքական ուղեգիծը հաստատեն նոր հանրաքվեով, կա՛մ եթե նրանք դա չեն անում, մենք նրանց դա կպարտադրենք։ Հենց այդ նպատակով մենք սկսում ենք գործընթաց, որի նպատակը, ի վերջո, հանրաքվեն է՝ Արցախի Հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասնելով՝ նա նշեց, որ դա փուլային գործընթաց է, առաջին փուլում պետք է լինի ստորագրահավաք, որպեսզի դրա հիման վրա ԱԺ մտցվի օրենքի նախագիծ․ «Մեզ պետք է մեր 50 հազար արժանապատիվ և խիզախ քաղաքացիների աջակցությունը»։