Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում բացառեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը քաղաքապետարանի որոշմամբ հնարավոր է ապամոնտաժվի։

«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող դրա հետ կապ ունենալ»,- ասաց Ավինյանը։

Նրա  խոսքով՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին։ Կառավարությունը որևէ կապ չի ունեցել։

«Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։ Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն Կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար այդտեղ սխալ բան կա։ Արձանի տեղադրումից առաջ մենք Թուրքիայի արձագանքի վերաբերյալ որևէ քննարկում, մտահոգություն չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։