ՀՀ արտգործնախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը Երևանում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է երկխոսության առաջընթաց զարգացումը բարձրագույն և բարձր մակարդակներում, ինչպես նաև պրոֆիլային գերատեսչությունների, խորհրդարանական համագործակցության, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի խորացումը։ Նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։ Գոհունակություն կա միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի գործունեության համակարգման աստիճանից»,- նշվել է հաղորդագրությունում։
Հանգամանալիորեն քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, գլխավորապես՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրադրության բարդացման հետ կապված՝ լուրջ անհանգստության համատեքստում։
«Անհրաժեշտ է համարվել ակտիվացնել ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ Մ.Գալուզինը նաև խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ փոխարտգործնախարար Վ. Գևորգյանի և Մ. Սաֆարյանի հետ։

