Չափորոշիչն արդեն ընդունված է և այն չի փոխվում. ԿԳՄՍ նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին
Եկեղեցու կողմից բարձրացված մտահոգությունները կամ իրենց դիրքորոշումը նոր չեն. Մենք, կարծում եմ, արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետև չափորոշիչի քննարկման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր, որ իրենց համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը և առաջարկել են շարունակել քննարկումը:
2021-ին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները։ Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից. սա է իրավիճակը և այն չի փոխվում:
Տեսնում եմ, որ դիմացի կողմից կա տարբեր ընկալում, որ մեթոդը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ: Մենք այդպես չենք պատկերացնում և ես բացատրել եմ՝ ինչու: Խոսքը միայն եկեղեցու պատմություն առարկայի մասին չէ, այլ տարբեր առարկաների մասով ուսուցման մասին է: Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել»,-ասել է նախարարը:

