Թույլ չենք տա, որ դուք լինեք Հայաստանի վերջին վարչապետը. Հայկ Մամիջանյան

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման հնգամյակը կարելի է վերնագրել «արյունոտ հնգամյակ»: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում այդ դագաղների մեջ հանգչեցին տղերք, որոնք ինձանից ու ձեզանից հազար անգամ ավելի լավն էին, որովհետև իրենք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ կյանքը, ու տվել են նրա համար, որ Խաչատուր Սուքիասյանն այս ամբիոնից հայկական բանակը անվանի ոչ հայկական»,- ասաց Մամիջանյանը:

Վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ: «Միայն սա հերիք է, որպեսզի դուք հեռանաք իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ձախողել է ամենակարևոր առաքելություններից մեկը։ Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնման մեղքը գցել նախկին իշխանությունների, Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրության վրա: Այսպես որ շարունակվի՝ կարող է Տիգրան Մեծին մեղադրելուն էլ հասնեք»,- ասաց պատգամավորը:

«Եթե Մադրիդյան սկզբունքներն այդքան վատն էին, ինչո՞ւ Ադրբեջանը դրանց չհամաձայնեց: Ուզում եք ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը տալիս էին, իսկ հայր ու որդի Ալիևներն ասացին՝ «չէ, չենք ուզում, թող Փաշինյանը գա, այ իրենից կվերցնե՞նք»: Հայաստանի ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նախագահ Սարգսյանը երբեք ժողովրդից չի թաքցրել փոխզիջումների անհրաժեշտությունը, այդ դուք եք, որ ասում էիք՝ թավշյա հեղափոխությունը կբերի Արցախի ճանաչմանը, զրոյական կետից էիք բանակցում», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Հայկ Մամիջանյանը Փաշինյանին զգուշացրեց, որ «չփորձի այդ բառամթերքով խոսել ՀՀ ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի՝ Թագուհի Թովմասյանի մասին», ընդգծելով, որ Թ․ Թովմասյանը որևէ կապ չունի ձայնագրության հետ։ «Այն կատարվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմանը, ուստի Թագուհի Թովմասյանը չէր կարող կապ ունենալ դրա հետ։

«Մեզ փորձում են ներչնշել, որ մեզնից ոչինչ կախված չէ, մեզ փորձում են ներշնչել, որ մենք ոչինչ չենք կարող անել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամու դեմ, մեզ համոզում են դառնալ մեր ամենանվիրական նպատակների ու երազանքների դաժան սպանության լուռ վկան»,- ասաց նա:

Մամիջանյանը Փաշինյանին ասաց. «Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Մեր բոլորի՝ ՀՀ բոլոր քաղաքացիներիս մեղքն է, որ դուք այդպիսին դարձաք, դարձաք վարչապետ, բայց մենք հաստատ թույլ չենք տա, որ դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը: Մենք ձեզ հեռացնելու ենք իշխանությունից հենց այն քաղաքացիների հետ, որոնց 2018 թվականին դուք խոստացաք ավելի լավ կյանք, բայց բերեցիք ցավ ու դժբախտություն: Հայաստանի ու Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան», – հավելեց Հայկ Մամիջանյանը: