ՔԿ-ն դեռ չի մանրամասնում՝ ադրբեջանցու մոտ հայտնաբերված հեռախոսը ում է պատկանել
ՀՀ-ում երեկ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ ԶՄՊԿ աշխատակցի սպանության գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օրերս երկու ադրբեջանցի զինծառայող փաստացի անարգել ներթափանցել են ՀՀ սուվերեն տարածք։ Նրանցից մեկը հայտնաբերվել է ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Սիսիանի գյուղերից մեկի բնակիչների կողմից, երբ մտել էր գյուղի տուն, թաքնվել, սնվել։ Բնակիչները վնասազերծել են և հանձնել իրավապահ մարմիններին։ Ձերբակալվելուց հետո նա պատմել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Երեկ՝ ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտնեց, որ ձերբակալվել է նաև երկրորդ ադրբեջանցին, որին, պարզվեց, նույնպես հայտնաբերել են բնակիչները՝ Աճանան գյուղում։ Ընդ որում, հայտաբերված ադրբեջանցին, որը պատրաստվում էր սահմանն անցնել, հանդգնել էր ֆեյսբքության էջով ուղիղ եթեր մտնել՝ հայտարարելով, թե հայի արյուն են թափել և այլն։
Իրավապահներն այժմ փորձում են պարզել ադրբեջանցու առնչությունը՝ նախօրեին ԶՄՊԿ աշխատակցի սպանության հետ, քանի որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցու մոտ հայտնաբերված հեռախոսը պատկանում էր ԶՄՊԿ աշխատակցին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախօրեին սպանվել է ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ԶՄՊԿ աշխատակցի սպանության գործով իրավապահների կողմից առաջ քաշվող վարկածներից մեկով իրավապահները դիտարկում են նաև երեկ ձերբակալված ադրբեջանցու կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը։ Ի դեպ, ձերբակալված ադրբեջանցին ՀՀ ոստիկանությունից տեղափոխվել է ԱԱԾ։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստացի չհերքեցին այդ հանգամանքը, նշելով, որ վարույթի շրջանակներում ստուգվում է նաև հայտնաբերված հեռախոսի՝ ԶՄՊԿ աշխատակցին պատկանելիության հարցը։ Թեեւ արդեն անցել է մեկ օր՝ չեն հերքում, որ հենց ԶՄՊԿ աշխատակցին է պատկանել հեռախոսը։
«Սպանության վարույթով հանցագործություն կատարած անձի կամ անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում, բայց այս պահին, նկատի ունենալով նաև, որ տվյալ անձը ՀՀ ՔԿ-ին չի ներկայացվել, նրա հետ համապատասխան քննչական գործողություններ վարույթի շրջանակներում չեն իրականացվել, նաև վարույթով այլ տվյալներ չեն ստացվել դեռևս, սպանությանը նրա առնչության վերաբերյալ հաստատող կամ հերքող տեղեկատվություն դեռևս չենք կարող տալ»,- մեզ հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Սպանության վերաբերյալ քրեական վարույթն այս պահին ՀՀ ՔԿ-ում է։ Ինչ վերաբերում է հայտնաբերված հեռախոսին, ապա այն ՔԿ-ում չէ, միևնույն ժամանակ, ինչպես հայտնեցին կառույցից՝ մամուլում հեռախոսի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների ստուգման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել վարույթի շրջանակներում։

