Աշխարհում ավելի քան 170 մլն երեխա և դեռահաս ճարպակալման խնդիր ունի․ ԱՀԿ

Ամբողջ աշխարհում ավելի քան 170 միլիոն երեխա և դեռահաս ճարպակալման խնդիր ունի, ընդ որում այդ հիվանդության տարածվածությունը քառապատկվել է 1990-ից վեր։

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 

ԱՀԿ տվյալներով, 2024 թ․ 5-19 տարեկան 170 միլիոն երեխա և դեռահաս տառապում է ճարպակալումից, այդ թվում 70 միլիոն՝ 5-9 տարեկան և 100 միլիոն՝ 10-19 տարեկան։

Այս տարիքային խմբում ճարպակալման տարածվածությունը քառապատկվել է 1990 թ․ ի վեր՝ 2%-ից հասնելով 8%-ի։

«Ճարպակալման կանխարգելումը և բուժումը կարևոր են երեխաների և դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջությունը պաշտպանելու, նրանց առողջ աճը, կրթությունը, սոցիալական բարեկեցությունը և կյանքի որակը բարելավելու համար»,- նշել է կազմակերպությունը։

ԱՀԿ-ն երեխաներին խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվություն և առողջ սննդակարգ։

Կազմակերպությունը մինչև 9 տարեկան երեխաներին խորհուրդ չի տալիս դեղորայքային բուժումներ, բարիստիկ վիրահատություններ (քաշի կորստի վիրահատություններ, որոնք փոխում են ստամոքսի կամ մարսողական համակարգի աշխատանքը) կամ քաշի կորստի համար նախատեսված սարքեր։

Ճարպակալումը բարդ քրոնիկ հիվանդություն է և ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարախտը և քաղցկեղի որոշ տեսակներ, զարգացման հիմնական գործոններից է: Այն նաև նպաստում է վարակիչ հիվանդություններով հիվանդների բուժման արդյունքների վատթարացմանը։

Հայաստանում

Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալումը և ավելորդ քաշը վերջին տարիներին դարձել են հանրային առողջապահության կարևորագույն և աճող մարտահրավերներից մեկը։ Առողջապահության նախարարության և մասնագիտական կառույցների տվյալներով՝ երկրում կրտսեր դպրոցական տարիքի (7-9 տարեկան) երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ նրանցից 12,6%-ը տառապում է ճարպակալմամբ։