Շրջափակված Արցախից 14 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 290 հիվանդ։

Հիշեցնենք, որ 100 օրից ավելի է՝ Արցախի Հանրապետությունը ամբողջական շրջափակման մեջ է։ Նախորդ տարի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական «էկոկտիվիստները» բնապահպանական կեղծ պատրվակներով փակել են Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Չնայած տարբեր երկրների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։