Պատերազմում հաղթածը, պարտվածի հակապատկերը
Արցախյան առաջին պատերազմում (ազատամարտում) ինչ մեծ պայքարի, նվիրումի և զոհողությունների գնով ձեռքբերվեցին հաղթանակները՝ արցախցիների ինքնորոշման, ազատ ապրելու իրավունքի պաշտպանությունը, հայրենիքի, նրա բնակավայրերի ազատագրումը, և պետական դավաճաններն ինչ դյուրությամբ մսխեցին այդ հաղթանակները Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և արդյունքում…
Շատերն, անշուշտ, գիտեն, հակիրճ լսել կամ կարդացել են, որ Արցախյան ազատամարտում, ի թիվս այլոց, իր մեծ և անուրանալի ավանդն է ունեցել նաև 1993- 1995 թթ. Հայաստանի պաշտպանության նախարար, ավելի վաղ նույնպես կարևոր պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանը, բայց մանրամասները քչերին է հայտնի: Եվ չէր էլ կարող հայտնի լինել, որովհետև պարոն Սարգսյանը, ի տարբերություն այլոց, նախընտրում է ավելի շատ գործել, քան թե խոսել, պատմել իր արածների մասին: Բարեբախտաբար, Արցախյան ազատամարտի տարիներին նրա գործունեության գոնե առանձին դրվագների վերաբերյալ հիշատակումներ կան նրա մարտական, զինակից ընկերների տպագիր հիշողություններում:
Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) «Կյանքի իրավունք. Ղարաբաղ» («Շուշի հիմնադրամ» հրատ., 2019) հուշագրության 66-67-րդ էջերից տեղեկանում ենք, որ դեռ մինչև Հպաշտպանության նախարար նշանակվելը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, ղեկավարել է Արցախյան շարժման «Միացում» կոմիտեի քաղաքական շտաբը: Գրքում համառոտ տեղեկություն կա վերոնշյալ կոմիտեի մասին.
««Միացում» կոմիտեն կազմակերպում էր քաղաքական ակցիաներ և բանակցություններ էր վարում Մոսկվայի ներկայացուցիչների հետ, դրա հետ մեկտեղ ամբողջ Արցախում ձևավորում էր ընդհատակյա կամավորական զինված ջոկատներ, որոնք պետք է պաշտպանեին մեր սահմանամերձ գյուղերը, նրանց անասուններն ու արոտավայրերը, բերքը և հանդերը: Բացի այդ, գյուղացիներին մենք օգնում էինք փողով, սերմացուով, տեխնիկայով, վառելիքով, աջակցում էին նաև բերքը աճեցնելուն, վարելահողերը մշակելուն և բերքն ու բարիքը իրացնելուն: Այդ ամենի նպատակը գյուղացիներին հարազատ հողում պահելն էր, որ սահմանամերձ գյուղերը անմարդաբնակ չդառնան:
Մեր հաջորդ կարևոր խնդիրը Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից և Ադրբեջանի մյուս շրջաններից վտարված փախստականներրին օգնելն էր: Ադրբեջանի ողջ, երբեմնի ինտերնացիոնալ տարածքում, սկսվել էր հայերի որս և շատ հաճախ այդ որոգայթի մեջ էին ընկնում նաև ռուսներ, ուկրաինացիներ և այլոք: Ոչ ոք չէր կարող իրեն անվտանգ զգալ»:
«Մի անգամ մարտի ժամանակ ինձ կանչեցին Բանակի շտաբ, նախարար Սերժ Սարգսյանի մոտ,- «Աստվածների ճակատամա՞րտը» ենթավերնագրի ներքո, հուշագրության 161-162-րդ էջերում գրել է Ալեքսանյանը:- Նա լսեց իմ զեկույցը ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին ու թեյի սեղանի շուրջ ասաց.
-Գործնականում մենք ոչնչով չենք կարող քեզ օգնել, Արթուր, իմ ռեզերվում մի քանի վաշտ կա, մոտ երեք հարյուր հոգի: Ասկերանում, Մարտունիում և Հադրութում տղաները հերոսաբար պաշտպանվում են, մինչև վերջ կանգնած են: Լավ կյանքից չէր, որ Վազգենը կոչ արեց մահապարտ կամավորականներին: Նա կուժեղացնի քո և քո աջ հարևան Հայկազ Բաղմանյանի դիրքերը:
Կապիտան Հայկազը իմ մարտական ընկերն էր, կադրային սպա, վերահսկում էր Մեյման-Չլդրան-Կիչան ուղղությունը:
-Այնպես որ, դիմացիր, Արթուր, մինչև որ Վազգենը կբերի իր մահապարտներին,- շարունակեց Սերժը:- Դե, իսկ ՑՕՐ-ի ռեզերվի հարցում էլ կօգնեմ քեզ: Ձեզ վրա է, Արթուր ջան, մեր ամբողջ ժողովրդի ու անձամբ իմ հույսը:
-Մի կասկածեք, պարոն նախարար, մինչև վերջ կանգնած ենք, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանան նրանք, ովքեր ողջ կմնան: Ու որքան շուտ ուղարկեք մահապարտներին մեզ մոտ դժոխք, այնքան լավ: Ես հասկանում եմ, Սերժ,- պաշտոնական ոճից անցա ընկերականի,- մեր խնդիրը կրկնակի բարդ է: Գանձասարի լեռնաշղթան պաշտպանելը քիչ է, դրանից հետո պետք է անցնենք հակահարձակման և ազատագրենք ամբողջ Հաթերքի կիրճը: Իսկ վանքը մենք կպաշտպանենք ամեն գնով:
-Էդ քո խաչն է, Արթուր, մենք կաղոթենք ձեզ համար: Ու ինչով հնարավոր է՝ կօգնենք: Գնա քո զինվորների մոտ ու անձամբ իմ շնորհակալությունը հայտնիր հերոսական ծառայության համար: Այդպես էլ ասա: Աստված քեզ հետ»:
Հենց Սերժ Սարգսյանն է, Արթուր Ալեքսանյանի պատմելով (այս մասին կարդում ենք «Հետախուզություն Մոնթեի հետ» ենթավերնագրի ներքո, հուշագրության 244–րդ էջում)՝ 1993թ. վաղ գարնանն իրեն ու Մոնթե Մելքոնյանին՝ Ավոյին, հանձնարարել «հետախուզության գնալ հակառակորդի խորը թիկունք՝ Ադրբեջանի Քելբաջարի շրջան»:
«Տեղի զինյալները շատ էին նեղում մեր գյուղացիներին՝ հարձակվում էին մեր գյուղերի վրա, քշում անասուններին, կողոպտում և սպանում խաղաղ բնակիչներին,- գրել է հուշագրության հեղինակը:- Պատահել է, որ գյուղ մտնելուց ու թալանելուց հետո թուրքերը գյուղը կրակի են տվել»:
Արմեն Ոսկանյան

