Երևանում մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է էքսպոյի մասնակիցներին՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը:

«Սա մի հարթակ է, որտեղ մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները: Արդեն իսկ դպրոցական տարիքից աշակերտները հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատանքային հեռանկարներին և կողմնորոշվելու կրթություն ու մասնագիտություն ընտրելու հարցում՝ հետագայում իրենց ներուժը ծառայեցնելու մեր պետության տնտեսության զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը: