Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել․ Արա Զոհրաբյան
Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում մեր գործընկեր փաստաբանների նկատմամբ երեկ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
«Ըստ էության, որոշ պաշտոնատար անձինք, որոնք աշխատում են ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանն ունի բացառիկ առաքելություն, որը երաշխավորված է Սահմանադրությամբ:
Ես դետալների մեջ չեմ մտնի, ուղղակի կհայտարարենք, որ անելու ենք ամեն ինչ՝ մեր գործընկերների խախտված իրավունքները պաշտպանելու համար: Այս երևույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտը»,-ասաց նա:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն ասաց. «Անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու և բերման ենթարկելու փաստով մեր գործընկերները գնացել են անչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ: Էրեբունւ բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, հետո էլ սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել:
Երեկ նաև փաստաբանների պալատի նախագահն է գնացել դեպքի վայր, տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրենք իրավունք ունեն պատժելու: Նույնիսկ եթե ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա փաստաբանների պալատ, որտեղ կարող էին դիմել: Եթե հանցագործություն էր պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո, կա քրեադատավարական ընթացակարգ: Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել: Սա անընդունելի արարք է»,-ասաց Արա Զոհրաբյանը:
Նա կոչ արեց ՀՀ ոստիկանապետին, ՆԳ նախարարին արագ միջոցներ ձեռնարկել. «Այն բոլոր ոստիկաններին, որոնք ներգրավված են եղել ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ, նրանց լիազորությունները առնվազն պետք է կասեցվի: Նրանք չեն կարող ոստիկան լինել»,-ասաց Զոհրաբյանը:
Նշենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնում բռնության ենթարկված փաստաբաններն են Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը:

