Հայկական կողմը նախընտրում է բանակցել Եվրամիության հետ․ Սերգեյ Լավրով
Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2022 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքներն ամփոփող հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ, որ մահակի կարգապահությունը վնասակար է: Ես կցանկանայի, որ մեր դաշնակից կառույցներում համերաշխությունը հարյուր տոկոսով լիներ։ Եվ մենք աշխատում ենք դրա վրա։ Սա պահանջում է պարզաբանում, պահանջում է անհատական մոտեցում յուրաքանչյուր կոնկրետ գործի նկատմամբ, որը դիտարկվում է։
Այդ թվում, չթաքցնենք, մենք ունենք դժվարություններ՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ, երբ մեր հայ ընկերները առաջ քաշեցին Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը, այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար։ Եվ երևանյան գագաթնաժողովում մենք պայմանավորվեցինք նման փաստաթղթի շուրջ՝ այս առաքելության պարամետրերի շուրջ,-ասել է դիվանագետը։- Բայց դա հնարավոր չեղավ ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթուղթը պարունակի Ադրբեջանին խիստ դատապարտող դրույթ։ Բացատրեցինք, որ եթե խոսում ենք դատապարտման մասին, եթե խոսում ենք հռետորաբանության, դիրքորոշում ներկայացնելու մասին, ապա այստեղ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա, ըստ երևույթին, այն անպայման չէ որ պայմանավորված լինի արտաքին ինչ-որ նշաններով, ինչ-որ հայտարարություններով, առավել ևս կոշտ: Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,-ընդգծել է նա։
«Չնայած այն հանգամանքին, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած այն հանգամանքին, որ այս առաքելությունը լիովին պատրաստված է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայված լինի քաղաքացիական դիտորդների առաքելություն։
Դե, սա Ադրբեջանի հետ սահմանն է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է ուղղակի հակաարդյունավետ լինել՝ սահմանին վստահություն ստեղծելու փոխարեն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել։ Սա օբյեկտիվ իրավիճակ է»,-հավելել է Լավրովը։

