ՌԴ ԱԳՆ-ը՝ Մոսկվա-Կիև հնարավոր բանակցությունների մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների լավագույն տարբերակը, երկխոսության վերսկսման դեպքում, ուղիղն է՝ առանց միջնորդների։ Այս մասին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Պոլիշչուկը, պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է հնարավոր բանակցություններին Կիևի հետ, եթե, երբևէ վերսկսվեն շփումները երկրների միջև, ասել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կլինեն։ Նրա խոսքով, երբ միջնորդները մասնակցում են բանակցություններին, նրանք ելնում են իրենց շահերից և ազդում բանակցային գործընթացի վրա։
«Սա (ուղիղ բանակցությունները) կլինի լավագույն տարբերակը, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արևմտյան միջնորդները հաճախ հետապնդում են իրենց նպատակները և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը լուծելուց, այլ իրենց սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրենը։

