Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացնելու որոշմանը։

«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային  է եղել միտքը, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը. «Պետք է ասեմ, որ մենք նույնպես հարցն ընկալել ու ընկալում ենք այդպես:  2020-ի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը և օրակարգը առաջին հերթին ՌԴ-ի հետ եղել է հետևյալը, որ մենք մտավախություն ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Սա եղել է ՌԴ-ի հետ մեր հաղորդակցության հիմնական թեման: Իմ կարծիքով այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների, գործընկերների համար:

Երբ տեղի են ունեցել 2021-ի մայիսի իրադարձությունները Սոթք-Խոզնավար հատվածում, ներխուժումը ՀՀ տարածք, մենք բնականաբար, ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ մեր գործընկերներից: Ի պատասխան մեր հարցումների և դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս առնչությամբ  առաջացել է բովանդակային հակասություն, այդ դեպքում որտեղով է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը մեր հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում»,-հայտարարեց Փաշինյանը:

«Երևանում կայացած գագաթնաժողովում Հայաստանի առաջադրած հիմնական խնդիրը այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք, որ առանց այս գծի արձանագրման մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Այս խոսակցությունը չի ավարտվել և շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը»,- հավելեց վարչապետը: