Առաջին անհրաժեշտության պարագաները սպառված են, խանութները՝ գրեթե դատարկ. Ստեփանակերտի քաղաքապետ․ NEWS.am

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Խանութները գրեթե դատարկ են, նպարեղեն, ձեթ, շաքարավազ մնացել են քիչ խանություններում՝ փոքր քանակությամբ: Միրգ ու բանջարեղեն չի մնացել: Լինում են դեպքեր, որ արդեն մարդկանց չեն տրամադրվում այդ ապրանքները: Ալյուրի և ցորենի խնդիր չունենք, հացի արտադրամասերը նորմալ գործում են»,- նշեց Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ քաղաքում բենզինի պաշարի հինգ տոկոսն է մնացել, մեքենաները, որպես վառելիք, գազ են օգտագործում:

Արդեն 18 օր է՝  Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։