Այս ծանր օրերին քո տեսակը, գաղափարները, երազանքները մեզ համար ուղենիշ են․ Իշխան Սաղաթելյանը՝ Վահան Հովհաննիսյանի հիշատակին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել՝ նվիրված հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հիշատակին։

«Արդեն 8 տարի է, ինչ ընկեր Վահանի ծննդյան կամ հիշատակի օրը փորձում եմ իր մասին մի հուշ, պատմություն, կամ իր հետ կապված որևէ բան գրել: Բայց գրելուց հասկանում եմ, որ այն կիսատ է, ամբողջական չէ: Այս անգամ էլ բացառություն չէր:

Պարզապես կասեմ՝ այս ծանր օրերին քո տեսակը, գաղափարները, ինչու չէ, նաև երազանքները, մեզ համար ուղենիշ են, սիրելի՛ ընկեր։

Հիշատակդ վառ»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:

Արցախի ազատագրական պայքարի մասնակից, հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին, շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից։

1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 

1999-2003 թթ.-ին ԱԺ պատգամավոր է եղել։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 

2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։