Նոր աշխարհի սպասումով (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը վերլուծաբան, աշխարհագրական գիտությունների դոկտոր Արմեն Վալեսյանն է։
Ամփոփելով տարին՝ Արմեն Վալեսյանը խոսեց երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր բռնկման մասին՝ ասելով, որ իրականում այն սկսվել է, սակայն մեր իմացած զենքով պատերազմը չէ։ Դեռևս այդ պատերազմը տնտեսական, դիվանագիտական բնույթի է և հույս հայտնեց, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի սանձել համաշխարհային տերերի՝ ռազմական ուժով պատերազմելու ցասումը։
Անդրադարձանք Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններում Թուրքիայի դերին։ Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե սառը պատերազմի ավարտից հետո մարդկությունը շուտափույթ խաղաղության, զարգացման և ազատության հույս ուներ, սակայն այս մթնոլորտը, հատկապես վերջին տարիներին, կրկին վախի և մտահոգության տեղիք է տվել։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ շատ պետությունների ղեկավարներ այսօր մտահոգված են միայն կարճաժամկետ խնդիրներով, ինչի մասին վկայում է Պրահայի վերջին գագաթնաժողովը։ Ըստ նրա՝ Անկարան ի լուր բոլորի հայտարարում է «արդար աշխարհակարգի ձևավորման հնարավորության առկայության մասին»։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ ներկա հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի», և այս խոսքերը շուտով իրականություն կդառնան բոլոր ոլորտներում։ Արմեն Վալեսյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահի այս հավակնոտ հայտարարությանը՝ ասելով, որ Էրդողանի ցանկությունները դժվար թե իրականություն դառնան, քանի որ այդ պետությունն աշխարհին նոր ասելիք չունի, և այդ երկրում նույն համակարգն է, որը կա արևմտյան երկրներում։ Իսկ աշխարհը փոփոխվելով, նոր համակարգ է բերելու, նոր արժեքներ։ Մյուս կողմից էլ 20-րդ դարում մարդկության դեմ ամենամեծ ոճրագործությունն իրագործած և դրա համար իր մեղքը չընդունած, բռնակալական համակարգով երկիրը չի կարող արդարության կրող դառնալ։
Աշխարհը փոխվում է, փոխվում են մարտահրավերները և նոր արժեքների պահանջ է առաջանում, արդյո՞ք այսօրվա հասարակությունը պատրաստ է դառնալ այդ արժեքների կրողը։ Հաղորդման հյուրը խոսեց նաև այս մասին։ Մարդկությունը դեռ նոր արժեքներին հասու չէ և շարունակում է իներցիայով սպառողի հոգեբանությամբ ապրել, ինչն էլ ձեռնտու է այն խաղացողներին, որոնք ցանկանում են ամբողջ մադկությանը վերահսկելի ու կառավարելի դարձնել։
Մանրամասները՝ տեսանյութում

