Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր էլ ուղիղ եթերում ողջունեց շրջափակված Արցախի բնակիչներին։
«Շարունակվում է մեր կյանքը, աշխատում ենք, չնայած դժվարություններին՝ գնում ենք առաջ»,-ասաց նա։
«Վստահ եմ՝ այն ինչ անում ենք՝ ճիշտ է, մենք այս ամեն ինչից միայն ուժեղանում ենք։ Իրականությունը սա է, որը պետք է ընդունենք ու առաջ գնանք, այլ ճանապարհ չունենք»,– ասաց Արցախի պետնախարարը։
Նա կոչ արեց գնումներ կատարել անկանխիկ տարբերակով, քանի որ կանխիկի հետ կապված խնդիրներ կան։ Վարդանյանն ասաց՝ իրավիճակն անորոշ է, բաց հարցեր կան, դրա համար էլ հանդիպումներ են սկսում վարչակազմի ակտիվի հետ։
«Այդ կերպ ես շատ ավելի լավ կհասկանամ, թե ինչ է կատարվում համայնքներում»,– ասաց նա։
Վարդանյանի խոսքով, ստեղծված իրավիճակում իրենք նաև վերլուծում են առկա բացերն ու թերությունները, վեր հանում խնդիրները։
«Շատ բան ենք հայտնաբերել։ Ընդհանուր վիճակը նորմալ է։ Անորոշ է իրավիճակը, շատ հարցեր բաց են, մենք սկսում ենք հանդիպումներ մարդկանց հետ»,-ասաց նա։
Արցախի պետնախարարը պաշտոնյաների անուններ տվեց, որոնք Արցախի համար այս դժվար օրերին չեն կատարում իրենց պարտականությունները։
«Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, նկատողություն էինք միայն տվել։ Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է։ Խոսեմ Կարմեն Ասլանյանի մասին, զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Կարմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես՝ ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու։
Ուզում եմ խոսել անտարբերության մասին։ Երկու օր է՝ Ծովատեղ համայնքում հաց չկա, վարչական ղեկավարի՝ Աբրահամյան Սամվելի, անտարբերության
հետեւանքով համայնքում հարցը չէր լուծվում։ Ինքն այդ մասին ոչ մեկին չէր ասել, մենք այլ տեղից ենք իմացել»,– ասաց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

