Եվս մեկ ընթացք կաշխատենք հարազատների հետ, որից հետո կկազմակերպվեն դիերի հողարկավորությունները. Ավանեսյան
Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմիններից 5-ի պարագայում ունենք արդեն հաստատված փորձաքննության արդյունքներ, մյուսներինն էլ ընթացքի մեջ է, երբ ամբողջական ավարտենք, ես լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմից հետո ևս կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել, Ավանեսյանն ասաց. «Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուբ թեմա է և որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»:
Նա նաև նկատեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հողարկավորելու հետ» «Մենք ևս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու: Մենք պետք է հաշվի առնենք թե հոգևոր, թե սանիտարահիգիենիկ, և թե բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-ընդգծեց նախարարը:

