Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է

«Պետություն ստեղծելով դեռ ամեն ինչ վերջացած չէ, պետք է կարողանանք լուծել տանտիրոջ խնդիրը»

Այսօր ՀՀԿ հիմնադիր,  հայ քաղաքական, պետական գործիչ, Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։

Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ. մարտի 28-ին Երևանում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

18 տարեկանում դարձել է ընդհատակյա հակախորհրդային Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ: Առաջին անգամ ձերբակալվել է 1969թ. ամռանը: 1970թ. համախոհների՝ Պ. Հայրիկյանի, Ա. Աշիկյանի, Ռ. Բարսեղովի և Ա. Խաչատրյանի հետ միասին դատապարտվել է «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով:

Դատարանը Նավասարդյանին դատապարտում է 2 տարվա ազատազրկման խստացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Աշոտ Նավասարդյանը պատիժը կրում է Մորդովիայի ճամբարներում: 1971թ. Հուլիսին վերադառնում է Երևան և վերականգնում կապերը համախոհների հետ: 1973թ. ընտրվում է ԱՄԿ խորհրդի անդամ:

Կրկին ձերբակալվում և դատապարտվում է 1974թ.՝ ԱՄԿ ծրագիրը և թերթիկներ տարածելու մեղադրանքով: Դատավճիռը՝ 7 տարի ճամբարում և 2 տարի աքսոր: Պատիժը կրում է Պերմի ВС-389/35, 36 քաղճամբարներում:

Ճամբարում գտնվելու տարիներին մասնակցում է տարբեր բողոքի ակցիաների՝ պահանջելով, որպեսզի տրամադրեն քաղբանտարկյալի կարգավիճակ և հայ քաղբանտարկյալներին պահեն իրենց հանրապետության տարածքում: 1976թ. փետրվարին՝ Հայաստանում 1921թ. ապստամբության տարեդարձի օրը, Նավասարդյանը հրաժարվում է դուրս գալ աշխատանքի և հրամաններ կատարել: Նա պահանջում է, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվի ԱՄԿ-ի օրինականացման վերաբերյալ: Աշոտ Նավասարդյանի պահանջները համընկնում էին բոլոր քաղբանտարկյալների ընդհանուր պահանջներին, ովքեր հռչակել էին իրենց պատկանելությունն այդ կուսակցությանը: Ի պաշտպանություն այդ պահանջների՝ ամեն ամսվա 4-ին նրանք մեկօրյա հացադուլ էին անցկացնում:

1976թ. գարնանը Աշոտ Նավասարդյանը 2 ամիս անցկացնում է հատուկ մեկուսարանում: Մայիսի վերջին նրան տեղափոխում են հիվանդասենյակ, այնտեղից էլ մայիսի 9-ին ուղարկում են Հայաստան: Ներքին պայմանավորվածության համաձայն, նա ներում շնորհելու խնդրագիր է գրում, որից հետո 1976թ. վերջին ներում է ստանում և վաղաժամկետ ազատ արձակվում:

1977թ. ապրիլին Աշոտ Նավասարդյանն ամուսնանում է: Մինչ երրորդ ձերբակալությունն աշխատում է Երևանի պիտակների գործարանում:

Կրկին ձերբակալվում և դատապարտվում է 1981թ. Ազատ Արշակյանի հետ միասին՝ ԱՄԿ-ին անդամակցության և ինքնահրատի տարածման համար: Ճանաչվում է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ և դատապարտվում 8 տարվա ազատազրկման, որից առաջին 3-ը՝ բանտում, հաջորդ 5-ը՝ հատուկ ռեժիմի ճամբարներում, ինչպես նաև 3 տարվա աքսորի:

1984թ. մարտին Չիստոպոլի բանտից տեղափոխվում է ВС-389/37 հատուկ ռեժիմի ճամբար (Պերմի մարզ, Կուչինո գյուղ): Այս ճամբարում պահվում էին խորհրդային ռեժիմի մեծագույն թշնամիները, այդ թվում ուկրաինացի անվանի բանաստեղծ Վասիլ Ստուսը:

1987թ. օգոստոսին Գորբաչովյան պերեստրոյկայի շրջանակներում Նավասարդյանին ներում է շնորհվում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կողմից, և նա վերադառնում է Հայաստան, ուր գրեթե անմիջապես ներգրավվում է ազգային ազատագրական պայքարի մեջ:

Արդեն 1988թ. Նավասարդյանը համախոհների հետ միասին մասնակցում է խորհրդային իշխանության դեմ ուղղված մի քանի գործողությունների, իսկ Երասխավանի մարտերից հետո 1989թ. ստեղծում է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին և Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, 1990թ. օգոստոսին հանցակազմի բացակայության պատճառով Աշոտ Նավասարդյանն արդարացվում է:

1990թ. ԱՄԿ-ի համախոհների հետ միասին հիմնում է Հայաստանի առաջին` Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում է մինչ մահը:

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու, 1995-1997թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր և խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

1996թ. ավարտում է Գերմանիայի Ջորջ Մարշալի անվան Անվտանգության խնդիրների ուսումնասիրման Եվրոպական կենտրոնի պաշտպանական տնտեսության դասընթացը:

Մահացել է 1997թ. նոյեմբերի 3-ին՝ կաթվածից: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչով»: Նրա անունով Երևանում անվանակոչվել է թիվ 196 դպրոցը, որտեղ գործում է գործչի թանգարանը: