Կիևում և Ուկրաինայի բոլոր մարզերում օդային տագնապ է հայտարարվել
Կիևում և Ուկրաինայի բոլոր մարզերում շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել։ ՏԱՍՍ–ը գրել է, որ այդ մասին հայտնում են Կիևի վարչակազմի «Թելեգրամ» ալիքը և «Էսպրեսո» հեռուստաալիքը։
Տագնապ հայտարարված տարածքների քարտեզից երևում է, որ այն ընդգրկում է բոլոր շրջանները։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեում նոր պայթյունների մասին։ Մի քանի ժամ առաջ Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը հայտնել էր, որ քաղաքում վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտները, հրդեհ է բռնկվել։ Բացի այդ, սոցիալական ցանցերում ականատեսները հայտնել են Կրիվոյ Ռոգում և Նիկոպոլում պայթյունների մասին։
Ինչպես Կիևի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան իր «Թելեգրամ» ալիքում է հայտնել, «հրթիռային հարձակում է իրականացվել Կիևի մարզի շրջաններից մեկի վրա, զոհեր չկան»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրյուշևը թվարկել է գործողության նպատակները․ «Հատուկ օպերացիայի նպատակներն են՝ ուկրաինական նեոնացիստական ռեժիմի կողմից սպասվող ցեղասպանությունից ապահովել մարդկանց պաշտպանությունը, ապառազմականացնել Ուկրաինայի տարածքը, հասնել նրա չեզոք դիրքին, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ»։

