Ոստիկանության և փրկարարների աշխատավարձերը պետք է շոշափելի անգամներով բարձրանան. Նիկոլ Փաշինյան
Մենք մտադրված ենք բոլոր ոլորտներում հնարավորինս արագ ունենալ աշխատավարձերի էական, անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում ՀՀ-ում ոստիկանության ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու: Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգընթաց համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացումներ տեղի ունենան։ Իհարկե, այս պահին պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում։ Մեր ընկալումն այն է, որ ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատավարձերը պետք է շոշափելի, անգամներով բարձրանան։ Զուգահեռ մենք պետք է որակի հավաստագրում ունենանք, այսինքն` համոզված լինենք, որ վճարվող աշխատավարձով կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդպիսով կմեծանա պետության նկատմամբ հանրության վստահությունը։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք պետք է բոլոր ոլորտներում գնան այս ճանապարհով։

