Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան

Հանրային գործիչ, «ԱՐԱՐ» hիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարավոր Մնացական Մարտիրոսյանի՝ իրեն երեք ամսով կալանավորելու որոշմանը, ասաց․ «Բոլորիս աչքի առաջ դատարանը բացարձակ կամայական, առանց որևէ հիմնավորման, կասկածի, խելահեղ որոշում ընդունեց ու ինձ կալանավորեց երեք ամսով։ Սա մի բացատրություն ունի,-նշեց նա։- Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է։ Այս երկրում չկա ոչ մի դատավոր, որ ինքնուրույն կարողանա նման խելահեղ որոշում ընդունել։ Չկա այդպիսի դատավոր։
Այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը և դրա վկայությունները բազմաթիվ են՝ սկսած նրանից, թե որտեղից է սկսվել այսպես կոչված քրեական գործը, ինչպես է ընթանում, հիմա էլ տեղի ունեցավ ամենամեծ աբսուրդը՝ առանց հիմքերի, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի շարունակվում է իմ ազատազրկումը։

Այս դատավորը թող չմտածի, որ սա վերջանալու է ընդամենը վերաքննիչ բողոքով։ Այն մարդիկ, որոնք այսօր ինձ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում, ապօրինի սահմանափակում եմ ոչ միայն իմ, նաև հասարակության իրավունքները լսելու ազատ խոսք, այդ մարդիկ նստելու են մեղադրյալի աթոռին, մեր տեղերը փոխվելու են։
Այս դատավորը և այն բոլոր մարդիկ, որոնք այս դատավորին մղել են այս ապօրինության, նստելու են մեղադրյալի աթոռին, մենք դրան հասնելու ենք»,-ասաց նա։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այսպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: