Ինձ հետ տեղի ունեցած հակաօրինական ու դավաճանական միջադեպը արդեն նախադեպ դարձավ․ Անդրանիկ Հովհաննիսյանը դիմել է Իշխան Սաղաթելյանին

«Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին փորձագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, որի մուտքը Հայաստան մոտ երեք տարի առաջ ապօրինաբար փակվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ պարոն Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan, շուրջ երեք տարի է՝ 2019 թվականի նոյեմբերից դավաճանական ռեժիմի ապօրինի հրահանգով փակվել է իմ մուտքը դեպի Հայաստան։ Կարծում էի, որ ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ Դուք և «Հայաստան» դաշինքի մյուս անդամները, տեղյակ են այս ապօրինության մասին, քանի որ վերջին տարիներին ես սրա մասին բազմիցս հայտարարել եմ հայկական լրատվամիջոցներում, դիմել ՀՀ իրավական, քաղաքական և հասարակական գրեթե բոլոր կազմակերպություններին արդարությունը վերականգնելու և հայրենիք վերադառնալու համար:
Ցավոք, ինձ ոչ ոք այդպես էլ չկարողացավ օգնել, ավելին, շատերն անտարբեր գտնվեցին, ինչի արդյունքում ինձ հետ տեղի ունեցած հակաօրինական ու դավաճանական միջադեպը արդեն նախադեպ դարձավ վերջին օրերին սփյուռքի որոշ ներկայացուցիչների մուտքը Հայաստան ապօրինի արգելափակելու համար։
Հուսով եմ, ձեր ուշադրության կենտրոնում կգտնվեն ոչ միայն այն ապօրինությունները, որոնք առնչվում են ձեր կուսակիցների հետ, այլ նաև քաղաքական և հասարակական այլ գործիչների, այդ թվում՝ իմ նկատմամբ»։